ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փորձում են բարձրացնել բյուջետային ծրագրերի արդյունավետությունը

Փորձում են բարձրացնել բյուջետային ծրագրերի արդյունավետությունը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարևոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում և կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացմանըգ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

«Թեև հայեցակարգը հաստատվել է, այդուհանդերձ բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել լիազորող նորմ, համաձայն որի Կառավարությունն իրավասու է իրականացնելու բյուջետային ծրագրի գնահատման գործառույթներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Նախագծով առաջարկվում է սահմանել նշված լիազորող նորմը՝ ՀՀ կառավարությանը վերապահելով բյուջետային ծրագրի գնահատման լիազորություններ, ինչպես նաև կտրվեն որոշ տերմինների սահմանումներ, որոնք անհրաժեշտ են բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթի ներդրման համար:

Ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նաև գնահատման գործառույթի վերաբերյալ: «Սա վերահսկողական գործառույթ չէ, գնահատման գործառույթը վերլուծական աշխատանք է լինելու, և ըստ էության, այս բարեփոխումները զուգորդվում են մեկ այլ բարեփոխման հետ: Ինչպես գիտենք, Ֆինանսների նախարարությունը Պետական վերահսկողության ծառայությանն է փոխանցում իր ներկայիս ֆինանսաբյուջետային վերահսկողության գործառույթները: Այսինքն, մենք փորձում ենք առավել օպտիմալ ձևով կառավարել գործընթացը»,- ասել է Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ գնահատման մեթոդաբանությունն իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա: Մեթոդաբանությունը հիմնականում հանդիսանում է վերլուծական աշխատանքների գործընթաց, որին ներգրավված են միջազգային և տեղացի փորձագետներ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: