երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը». Երեւանում վթարային շենքերի նոր ծրագիր կա

«Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը». Երեւանում վթարային շենքերի նոր ծրագիր կա

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրապետությունում վթարային շենքերի բավականին լուրջ խնդիր կա:

«Երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ: Հիմա կոնկրետ այդ հարցով նախագիծ է ձևավորվել»,- ասաց Փաշինյանը:

Թեման մանրամասնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս հոկտեմբերին Աջափնյակ կատարած շրջայցը սկսել էինք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին հանդիպելուց: Աջափնյակը մեզ մոտ ամենահարուստն է 4-րդ կարգի վթարային շենքերի առումով: Առհասարակ, Երևանում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ կարգի վթարային շենքեր: Երևանում ունենք 100-ից ավելի 3-րդ կարգի վթարային շենքեր:

Խոշոր կառուցապատողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում և որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և նրանց հետ տարբեր պայմանավորվածություններ ունենալ՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ»,- ասաց Ավինյանը:

«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը։ Մարդկանց իրավունքները պաշտպանելով` որոշակի հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք։ Այս հարցերը պետք է արագ լուծվեն. մարդկանց ապրելու իրավունքը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,– ասաց նա։

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կառուցվեն։

  • Կիսվել: