երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

Գործող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն առկա է խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ՝ ի սկզբանե նախատեսված տուգանքի 25 տոկոսի չափով:

«Մեր քաղաքացիները ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կա՛մ Ոստիկանության որևէ բաժանմունք, կա՛մ որևէ պարեկային ծառայողի»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը:

Հեղինակն առաջարկում է գործող հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետև վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը:

Արդյունքում՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց: Ոստիկանությունն օնլայն պետք է հետևի, տեսնի ու վարույթը կարճի՝ 100 հազար դրամի փոխարեն նախատեսելով 25 հազար դրամ պատասխանատվություն:

Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ՝ հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Նշվել է, որ որոշ տեխնիկական հարցերի շուրջ մինչև երկրորդ ընթերցում հնարավոր կլինի գալ համաձայնության:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը կարևորել է նախաձեռնության ընդունումը, հորդորել հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել: Պատգամավորը հիշեցրել է, որ 75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող ու խրախուսող նորմը գործում է ամիսներ առաջ իր հեղինակած նախաձեռնությամբ: Ըստ Արմեն Խաչատրյանի՝ փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել, ավելացել է պայմանագրերի քանակը:

Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ դրական է. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ վարչարարության պարզեցումը կնպաստի գործընթացն առավել դյուրին կազմակերպելուն: Կառավարությունը տեխնիկական առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից:

 

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: