հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մյուս տարի Ամանորի միջոցառումների համար կծախսենք ոչ թե 271, այլ 570 մլն դրամ. Փաշինյան

Մյուս տարի Ամանորի միջոցառումների համար կծախսենք ոչ թե 271, այլ 570 մլն դրամ. Փաշինյան

Մյուս տարի Կառավարությունը ոչ թե 271 մլն դրամ կծախսի Ամանորի միջոցառումների համար, այլ՝ 570 մլն դրամ: Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սրանով ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների կհրավիրենք Հայաստան, այլև կօգնենք, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն ՀՀ-ում: Մյուս տարի արդեն ոչ թե 9 մլրդ դրամ հավելյալ շրջանառություն կապահովենք, այլ 20 մլրդ դրամ, 25 մլրդ դրամ, 30 մլրդ դրամ: Սա ասում եմ, որ մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն, որ մյուս տարի այդ գումարը պատրաստ ենք նաև կրկնապատկել»:

Նշենք, որ այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարել էր, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ.-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում: Ամանորին Երևանում կատարվող տոնակատարությունների համար ծախսվել էր 271 միլիոն դրամ:

Հարցին, թե ինչ չափանիշներով է կատարվել հաշվարկը, և ինչպես  կհիմնավորի, որ հավելյալ դրամաշրջանառության աճին նպաստել է ծախսված գումարը, Փաշինյանը պատասխանեց. «Ո՞րն է կանխավարկածը, այս տոնակատարությունը գրավել է քաղաքացիների, ես ինքս համոզվել եմ՝ սփյուռքից ահռելի մեծ թվով մարդ է եկել, մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք Երևանում 1-2 օր անցկացնելուց հետո գնացել են մարզեր՝ տեսարժան վայրեր, և նաև կրպակներում, ռեստորաններում առևտուր են արել և այդ առևտուրը ՀԴՄ-ներով արձանագրվել է»:

  • Կիսվել: