ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 56-րդ նիստին:  

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 

Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին,  ոլորտային ուսումնասիրությունների արդյունքներին և Հանձնաժողովի իրավակիրառ փորձի ուշագրավ օրինակներին, այդ թվում՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել նաև Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի  և Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի  նիստեր:

Շտաբի նիստի օրակարգում առևտրի առցանց հարթակներում կոնտրաֆակտ ապրանքների իրացումը կանխարգելելու նպատակով մոդելային փաստաթղթի մշակման, մրցակցային խախտումների կանխարգելման և այդ իրավախախտումների արդյունքում  անձանց իրավունքների և շահերի քաղաքացիա-իրավական պաշտպանությանը վերաբերող  զեկույցների նախապատրաստման և այլ հարցեր էին:

Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են  վճարովի տեղեկատվության և գովազդի տեղադրման գործընթացում բլոգերների  բարեխիղճ վարքագծի, սպառողների մոլորեցում թույլ չտալու նպատակով վարկերի գովազդին ներկայացվող պահանջների, գովազդի շուկայի զարգացման և այլ հարցեր:

  • Կիսվել: