կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները. հուշագիր կստորագրվի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ

ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները. հուշագիր կստորագրվի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հեռավար հանդիպում է ունեցել Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ:

Հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները՝ հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN)  անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում,  ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- հավելել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:

Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը ողջունել  է Հայաստանի մրցակցային գերատեսչության հետ համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:

  • Կիսվել: