ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոտ օրերս կսկսի ՀԴՄ սարքերի վաճառքը. Դավիթ Անանյան

Մոտ օրերս կսկսի ՀԴՄ սարքերի վաճառքը. Դավիթ Անանյան

Ներկայումս 11 հազար ընկերություն հայտ է ներկայացրել հաշվիչ դրամարկղային սարքեր ստանալու համար և մոտ օրերս ՀԴՄ սարքերի վաճառքը կսկսի, այսօր ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա տեղեկացրեց, որ երկու ընկերություն է ՀԴՄ սարքեր վաճառելու և համապատասխան ՊՈԱԿ-ում այժմ ծրագրային ապահովման հետ կապված վերջնական գործընթաց է իրականացվում:

«Մոտ օրերս ՀԴՄ-ների վաճառքը կսկսվի: Հայտերը շուրջ 11 հազար են, որի ճնշող մեծամասնությունը ՀԴՄ չունեցողներ են, այսինքն՝ նոր ստեղծված ընկերություններ: Մեր գործընկերները մեզ հավաստիացնում են, որ իրենք հնարավորություն կունենան փետրվարին ամբողջությամբ սպառել այդ պահանջարկը: Բայց մեր ոչ այնքան լավատեսական փորձը մեզ ասում է, որ այդ գործընթացը կարող է ձգվել մինչև մարտի կես», -հավելեց Անանյանը:

Նրա ներկայացրած տվյալներով, այժմ Հայաստանում 67 հազար ՀԴՄ է գործում, որից 50 հազարը նոր սերդնի ՀԴՄ-ներ են, 17 հազարը՝ հին սերնդի ՀԴՄ-ներ: Վերջինները դեռ պետք է փոխվեն, հետևաբար ՊԵԿ նախագահը հորդորեց տնտեսվարողներին մուտք գործել «ՀԴՄ-ների բիզնես»: «Դաշտը բաց է, և մենք մեր գործընկերներին խնդրում, հորդորում ենք՝ ով ուզում է մուտք գործել այդ բիզնես, թող գան: Ինչքան շատ, այնքան լավ»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: