հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է. Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ նիստում ընդունված որոշման մասին

Մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է. Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ նիստում ընդունված որոշման մասին

ԵԱՏՄ հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու շատ կարևոր որոշում է կայացվել, ինչը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու գների վրա՝ Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրոք աննախադեպ որոշում է կայացվել մարտի 17-ի նիստի ընթացքում՝ իրավիճակից կախված, իհարկե, բայց, այնուամենայնիվ, մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա, և կարծում եմ՝ ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն: Մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է, դա, իհարկե, դիսկրետ որոշում է՝ միջինում վեց ամիս ժամկետով, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա: Որոշակի մուտքեր մաքսատուրքերի գծով բյուջե կնվազեն, բայց, կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆեկտ կլինի սպառողների համար»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով այլ որոշումների՝ նա նշեց, որ վերջին շրջանում հնարավոր եղավ հասնել էլեկտրական շարժիչով մեքենաների համար քվոտավորված լուծումների. մասնավորապես, Հայաստանը 2022 թվականի համար 7 հազար և 2023 թվականի համար 8 հազար մեքենայի մասով արտոնություն ունի:

«Հիշեցնեմ նաև, որ մենք այդ մեքենաները նաև ԱԱՀ-ից ենք ազատում. ըստ էության  ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են գործարանային գնով ձեռք բերել և շահագործել»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ առաջիկայում կհրապարակվի ապրանքների ցանկ, որոնք ազատված կլինեն մաքսատուրքերից և ակնհայտորեն կզսպեն գների աճը:

  • Կիսվել: