չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մինչեւ փետրվարի 6-ը կքննարկվի սպանդանոցների կառուցման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը. Փաշինյան

Մինչեւ փետրվարի 6-ը կքննարկվի սպանդանոցների կառուցման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը. Փաշինյան

Կառավարությունը պետք է քայլեր նախաձեռնի սպանդանոցների քանակի խնդրի լուծման ուղղությամբ, եւ մինչեւ փետրվարի 6-ը կքննարկվի սպանդանոցների կառուցման համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին և համաձայնվելով, որ ՀՀ-ում բավարար քանակի սանդանոցներ չկան։

Նա նշեց, որ սպանդանոցներում անասունների մորթին անցումը Հայաստանի վարկանիշի հարց է։ Վարչապետը նշեց նաեւ որոշակի զիջումներ անելու՝ կառավարության պատրաստակամության մասին։

Փաշինյանն ասաց. «Պե՞տք է արդյոք մենք անցնենք սպանդանոցների համակարգին։ Միանշանակ՝ այո, քանի որ առողջապահության խնդիրների հետ մեկտեղ դա երկրի վարկանիշի հարց է։ Իսկապե՞ս մեր քաղաքացիները, որոնք դժգոհություն են հայտնում, ունեն համոզիչ հակափաստարկներ»:

Վարչապետը նաեւ նշեց, որ սպանդանոցների անբավարար քանակի պատճառը որոշման ընդունման ձգձգումն է, ինչն, իր հերթին, վախեցնում է ներդրողներին։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտել պարտադիր կերպով անասունների մորթը բացառապես սպանդանոցներում կատարելու պահանջը, որի մի շարք կետեր դժգոհություն են առաջացրել անասնաբույծների եւ մսավաճառների շրջանում։

  • Կիսվել: