հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Մինչեւ 2029-ը երեք մարզադաշտ պետք է կառուցենք. Մեկը «ակադեմիական քաղաքում», երկուսը՝ Իջևանում եւ Վանաձորում. Փաշինյան

Մինչեւ 2029-ը երեք մարզադաշտ պետք է կառուցենք. Մեկը «ակադեմիական քաղաքում», երկուսը՝ Իջևանում եւ Վանաձորում. Փաշինյան

Մինչև 2029 թվականը Հանրապետությունում 3 մարզադաշտ պիտի կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն իրականացնելու չափանիշներին: Մեկը պետք է լինի մինչև 35 հազար հանդիսականի հնարավորությամբ, երկուսը՝ 10 հազար հանդիսականի: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 6-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկում էինք Վանաձորում և Իջևանում նման ստադիոններ ունենալու հնարավորությունը, ընդ որում՝ խոսքը Վանաձորում եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախնական նախագծման և նախնական աշխատանքներն արդեն սկսված են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց՝ քննարկվում է ևս մեկ խոշոր ազգային ստադիոն կառուցել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում, որը 2029 թվականի համար պետք է պատրաստ լինի:

Հիմնական ազգային ստադիոն ունենալը մեր նպատակադրումն է՝ արձագանքեց վարչապետը, ապա մանրամասնեց. «2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է մեզ համար: Ենթադրենք, որ աշխարհի առաջնությունը չկա: Երկրի համար լավ չէ, որ մենք, ըստ էության, լիաթոք, միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Այո՛, Հանրապետական մարզադաշտը կա, բայց մյուս կողմից՝ նրա հնարավորությունը սահմանափակ է»:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մասով աշխատանքները հասել են եզրափակիչ փուլի: Հուլիսին GMP ընկերությունը կներկայացնի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը, որից հետո կմեկնարկի ծրագրի իրագործման փուլը:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրեց, որ երեկ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային ֆեդերացիաների նախագահները հայտարարել են կարևոր նախաձեռնության մասին, այն է՝ պատրաստվում են միասին հայտ ներկայացնել, որպեսզի 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունը անցկացվի Հայաստանում և Վրաստանում: Սա լրացուցիչ ազդակ կլինի Հայաստանում ֆուտբոլի և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար:

«Այս պահին մենք ֆեդերացիայի հետ միայն 4 ֆուտբոլային դպրոցներ ենք կառուցում մարզերում և դպրոցներում»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ, Կառավարության՝ հունիսի 6-ի որոշման նախագծերից մեկի համաձայն, Կապանի մարզադաշտը ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր կդառնա:

  • Կիսվել: