շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջին ամսական աշխատավարձն ավելացել է 20.4 տոկոսով. վարչապետ

Միջին ամսական աշխատավարձն ավելացել է 20.4 տոկոսով. վարչապետ

2022 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Նոյեմբերի տվյալներով 701 հազար 451 աշխատատեղ կա: Այսպիսով՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 153 հազար 462 աշխատատեղ և արձանագրվել է 28 տոկոսի աճ»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի մայիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում համախառն աշխատավարձային ֆոնդը գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 միլիարդ 120 միլիոն դրամով կամ 92.3 տոկոսով:

«2021 թվականի նոյեմբերի նկատմամբ միջին ամսական աշխատավարձը ավելացել է 44 հազար 930 կամ 20.4 տոկոսով: Սա նշանակում է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին, որովհետև գնաճը շատ ավելի ցածր է՝ 8.5 տոկոս»,- եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: