երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա և պետք է ծրագիր գրվի. Փաշինյան

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա և պետք է ծրագիր գրվի. Փաշինյան

Թղթային վիճակներից դուրս գալու մեր պլանը ո՞րն է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա և պետք է ծրագիր գրվի։ Իսկ արդեն մտե՞լ ենք ինչ-որ մրցույթի, նախագծման փուլ: Այս մասին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում այդ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այժմ միջազգային փորձագետների հետ աշխատում են թվայնացման ծրագրի, մասնավորապես, ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: «Այսինքն` ինչ ունենք, ինչ պիտի ստանանք, այդ ենք գծում հիմա միջազգային փորձագետների հետ մեկտեղ, և կներկայացնենք թվայնացման խորհուրդ: Նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերներն են ներգրավված այս պրոցեսում։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում ունենք քաղաքացիության վարչարարական գործընթացի թվայնացումը»։

2023թ․ ընթացքում իրականացված աշխատանքների շարքում նշվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման, ինչպես նաև փաստաթղթավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները։ 2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից տեղահանված անձանց հաշվառման գործընթացը կազմակերպելու նպատակով ՄՔԾ խումբը Գորիսում իրականացրել է տեղանքի ուսումնասիրություն, Կոռնիձորում, Գորիսում, Վայքում, Վարդենիսում հիմնվել են Բնակչության պետական ռեգիստրին համակցված հաշվառման կայաններ, ապահովվել է հաշվառման ծրագրի հասանելիություն հումանիտար կենտրոններում, իրականացվել է աշխատակազմերի վերապատրաստում, կամավորական ուժերի հավաքագրում և վերապատրաստում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց փաստաթղթավորումն իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, առկա պահանջարկը բավարարելու նպատակով սահմանվել է վեցօրյա աշխատանքային ռեժիմ, ՀՀ բոլոր անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիության դիմումների ընդունում։ Ընդ որում, ԼՂ-ից տեղահանված անձանց սպասարկումն իրականացվում է արտահերթ՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված գործընթացի նմանությամբ այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացնմանն  ուղղված աշխատանքները, կատարվել են աշխատանքներ նաև work.permit.am հարթակի, ինչպես նաև ապաստանի էլեկտրոնային համակարգի վերլուծության և կատարելագործման ուղղությամբ։

Օրենսդրական բարեփոխումների համատեքստում նշվել է, որ 2023թ.-ին  աշխատանքներ են տարվել միջազգային պաշտպանության  տրամադրման իրավական  հիմքի՝ «Փախստականների  և ապաստանի մասին» ՀՀ օրենքի լրամշակման ուղղությամբ։ Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների  քննարկմանը։

  • Կիսվել: