երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միայն 2023-ին TV-ների դեմ հարուցվել է 64 վարչական վարույթ. ՀՌՀ նախագահ

Միայն 2023-ին TV-ների դեմ հարուցվել է 64 վարչական վարույթ. ՀՌՀ նախագահ

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր վերահսկողության տակ են եղել 28 հեռուստաընկերություններ, որոնց թվում են Հանրային հեռարձակողը եւ 3 ռուսական հեռուստաալիքները:

«Մենք ունենք նաեւ 35 ռադիոներ, որոնք գործում են գրեթե բոլոր մարզերում: Մեր վերահսկողության տակ են գտնվում նաեւ 62 ցանցային օպերատորներ»,-ասաց նա:

Տիգրն Հակոբյնը նշեց, որ 2023-ի ընթացքում մշտադիտարկման արդյունքներով հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ. «Աշխարհում հակառակ պատկերն է, վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիների բողոքների հիման վրա: Մեզ մոտ, ցավոք, բացի մեզնից, գրեթե ոչ մեկին այս ոլորտում իրավիճակը չի հետաքրքրում: Թերությունների մասին ահազնգում են կամ մամուլում, կամ սոցիալական ցանցերում՝ կարգավորող մարմին չդիմելով:

Հատկանշական է, որ 2023-ին հարուցվել է 64 վարույթ, իսկ 2013-2018 թվականներին, այսինքն 6 տարում հարուցվել էր  ընդամենը 13 վարույթ: 2019-2023 թվականներին հարուցվել է 232 վարույթ, այսինքն 18-19 անգամ ավելի շատ:

Շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը, բայց այդպես չէ: Վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով: Օրինակ, Գովազդի մասին, Լեզվի մասին օրենքները խախտելու համար, շատ են հարուցվում հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքի խախտումների համար: Եթե այստեղից հանենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ: Վերջին 2-3 տարվա մեջ գրեթե բողոքներ չունենք արտերկրից՝ հեղինակային իրավունքները Հայաստանում խախտվում են»,- հայտարարեց Տիգրան Հակոբյանը:

Նա անուն չտալով պատմեց, որ կար մի հեռուստաընկերություն, որը 2013-2018 թվականներին, օրական ցույց տալով 2-3 գեղարվեստական ֆիլմ, 5 տարվա մեջ հեռարձակման որեւէ պայմանագիր չունեին եւ բոլորը դրա վրա աչք էին փակում. «Մենք հիմա այս հարցում բավականին առաջընթաց ունենք, ինչը բարձրացնում է նաեւ հեռուստաընկերությունների հեղինակությունը արտերկիր մեր բարեկամների մոտ:

Երկրորդը, 2019-2023 թվականներին վարչական դատարաններում եղել է 33 դատական գործ: Մինչ այդ, սկսած 2011-ից, երբ ստեղծվեց հանրային մուլտիպլեքսը, դատարանում ունեինք ընդամենը 1 դատական գործ:

Մենք 2019-2023 թվականներին տրամադրել ենք 92 լիցենզիա, ինչը էլի մեծ քանակ է, որից 30-ը հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման համար»,- ասաց նա:

  • Կիսվել: