երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Մի գիծ կա, որից ներքեւ չի կարող լինել ուսուցչի որակավորումը․ ՀՀ վարչապետ

Մի գիծ կա, որից ներքեւ չի կարող լինել ուսուցչի որակավորումը․ ՀՀ վարչապետ

Երեք տարի առաջ ուսուցչի աշխատավարձը չէր կարող կրկնապատկվել, չկար նման տարբերակ, հիմա մենք ստեղծել ենք ճանապարհ դրա համար եւ հորդորում ենք ուսուցիչներին, որ անցնեն այդ ճանապարհով եւ ստանան ավելի քան կրկնապատիկ աշխատավարձ: Այս մասին, այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի ուսուցչի հարցի, որը չէր հաղթահարել ատեստավորման շեմը եւ խնդրում էր ընդառաջել, դուրս չթողնել համակարգից:

«Մենք գիտակցում ենք, որ մեր երեխաների շահերը նույնպես կարեւոր են, եթե ոչ ամենակարեւորը: Մենք ասում ենք, որ ուզում ենք համոզվել, որ դասարան մտնող ուսուցիչը համապատասխանում է որոշակի չափանիշների: Մի գիծ կա, որից ներքեւ չի կարող լինել ուսուցչի որակավորումը:

Եթե մենք երեխայի կրթության հարցում անսկզբունքային գտնվենք, մենք այդ երեխաներին դատապարտում ենք աղքատության: Աղքատության հիմնական պատճառը կամ կրթության բացակայությունն է, կամ դրա որակի բացակայությունը: Երեխաներին դատապարտել աղքատության, նշանակում է պետությունը դատապարտել աղքատության եւ ոչնչացման»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Նախկինում մեխանիզմը հետեւյալն էր, որ ատեստավորում չանցած ուսուցիչները պետք է 1,5 տարվա ընթացքում ատեստավորվեն եւ եթե 60 տոկոսի շեմը չեն հաղթահարում, չեն կարող աշխատել: Հիմա ընդառաջ քայլ ենք արել, ասել ենք՝ եթե հաջորդ անգամ ատեստավորման քննությունն անցնեք եւ 60 տոկոսը չհաղթահարեք, բայց մենք տեսնենք, որ նախորդ ատեստավորումից ի վեր դուք 15 տոկոսով բարելավել եք ձեր ցուցանիշը, ասենք նախկինում ստացել եք 30 տոկոս, այս անգամ ստացել եք 45 տոկոս, էլի չեք անցել ատեստավորումը, բայց մենք տեսնում ենք, որ դուք աշխատել եք, մենք ձեզ համար հնարավորությունը կերկարացնենք:

Մենք նաեւ ուրիշ փոփոխություն արեցինք կարգում: Նախկինում ատեստավորում անցածները, որոնք անցել են 60 տոկոսի շեմը, բայց չեն հասել 70 տոկոսի, նրանց աշխատավարձը չէր բարձրանում: Հիմա արդեն այդպիսի ուսուցիչների դրույքաչափը կկրկնապատկվի՝ հասնելով 200 հազար եւ ավելի: Բայց մյուս դրամական հավելումները չեն ստանա»:

  • Կիսվել: