կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մի ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի չափ մարդ է տեղավորվում». Ավինյան

«Մի ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի չափ մարդ է տեղավորվում». Ավինյան

Ամսական 12-13 հազար դրամ ավտոկայանատեղիի համար վճարելը, իհարկե, կխփի քաղաքացու գրպանին: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորսյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների (կարմիր գծեր) վճարը տարեկան 12 հազարից 160 հազար դարձնելու նախագծին:

«Ես անձամբ մեծ հաճույքով մասիվից մեքենայով կենտրոն չեմ գա, բայց ոնց չգամ, երբ տրանսպորտն արդեն լիքն է: Դուք պրակտիկ չեք տեսել՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ եք շտապում: Օրինակ, կարելի է «Հրազդան» մարզադաշտի կողքը լավ ավտոկայանատեղի կազմակերպել, այնտեղից մեր բնակչությունը ոտքով սիրում է քայլել, ոտքով Հրազդանի կիրճով կգա կենտրոն: Բայց դուք Հրազդանի կիրճի թունելը կեղտոտ է, հոտ է գալիս: Ինչո՞ւ եք սկսում հեշտ տարբերակից: Համակարգային լուծում պետք է տալ: Մենք կտրականապես դեմ ենք այս օրինագծին»,-ասաց Թորոսյանը՝ կոչ անելով քվեարկության ժամանակ չգրանցվել, որ նախագիծը չանցնի:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ համակարգային փոփոխությունները դժվար որոշումների գնալ են ենթադրում, եւ սա դրանցից մեկն է. «Մենք հաջորդ տարի մոտ 200 նոր ավտոբուս ենք ունենալու, առաջին 30-ը՝ հունվարին, ավտոբուսային հավելյալ գծեր են լինելու, հավելյալ ավտոկայանատեղիներ են լինելու, որոնցից 4-ը արդեն նախատեսված են տարբեր վայրերում, միասնական տոմսային համակարգ է լինելու, 660 ավտոբնուսներում արդեն դա ներդրված է, հաջորդ տարվա սկզբին քննարկելու ենք համակարգի ներդրումը:

Երեւանի կենտրոնում պիկ ժամին ավտոմեքենայով շրջելիս ի՞նչ զգացողություն ունեք: Երեւանի կենտրոնը պետք է որոշակիորեն անհատական մեքենաներից պետք է բեռնաթափենք: Մեր մի ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի չափ մարդ է տեղավորվում: Այս որոշումը բավարար չի լինելու ամբողջական բեռնաթափելու համար: Գալու ենք նոր սահմանափակումների մասին քննարկումներ ունենալ»,-ասաց Ավինյանը:

Արամ Թորոսյանը վստահություն հայտնեց, որ Երեւանի կենտրոնում մեքենաների թիվը չի պակասելու, ուղղակի ավելի շատ են վճարելու:

  • Կիսվել: