հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Տնտեսական խորհրդի անդամները նիստի սկզբում մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների շուրջ:

Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում շեշտել է, որ դիմակայության փորձության են ենթարկվել բոլորը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ բազմակողմ միավորումների մակարդակում:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո երկրները պետք է ապագայում նմանատիպ մարտահրավերների առջև դիմակայունության ներուժի համակարգային, բազմակողմ գնահատում իրականացնեն և դրանց համատեղ արձագանքման միջոցներ ձեռնարկեն:

Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Ամփոփելով խոսքը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա կուտակված փորձը, անհրաժեշտ է դրանով փոխանակվել և համատեղ գործել՝ համավարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:

  • Կիսվել: