երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում է. հանդիպելու է Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներին

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում է. հանդիպելու է Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներին

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին։

Պուտինն ասել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում կլինի դեկտեմբերի 1-ից 3-ը։ ՀՀ փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին։

Գործուղումից վերադառնալուց հետո Մհեր Գրգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետի հետ միասին ՌԴ են մեկնել արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը, ՊԵԿ փոխնախագահներ Շուշանիկ Ներսիսյանն ու Աշոտ Մուրադյանը։

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: