ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեզ էլ են մեղադրում անգործության մեջ. Թունյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

Մեզ էլ են մեղադրում անգործության մեջ. Թունյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց, որ պատրաստ է դիմում գրել և աշխատանքից դուրս գալ, եթե ապացուցեն, որ, օրինակ, սպիրտը թանկացել է:

«Ասում են՝ սպիրտը թանկացել ա: Լուրջ, սպիրտը թանկացել ա: Բացեք Հարկային օրենսգրքի 88 հոդվածը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, եթե իմ ասածը սխալ կլինի, պատրաստ եմ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից»,- ասաց նա՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր ղեկավարած կառույցը չի աշխատում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, արռագանքելով Գևորգյանի դիտարկմանը, նշեց. «Պարո՛ն Գևորգյան, եթե դա Ձեզ կմխիթարի, ասեմ, որ մենակ Ձեզ չեն ասում դա, մեզ բոլորիս էլ ասում են՝ չեք աշխատում»:

Գևորգյանը պատասխանեց, որ եթե միայն մեղադրեին չաշխատելու մեջ, դա դեռ ոչինչ, բայց մեղադրում են հանցավոր անգործության մեջ:

Թունյանի խոսքով՝ իրենց էլ են դրա մեջ մեղադրում, ուստի ինքն այդ առումով Գևորգյանի մտահոգությունը կիսում է:

Գևորգյանն ասաց նաև, որ երկու ամիս ժամանակ է ծախսել՝ հասկանալու համար, թե ինչու է թանկացել, օրինակ, իմբիրը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ներմուծողները գինը չեն թանկացրել, թանկով առել, թանկով վաճառել են: Գնացել գտել ենք՝ մեկը մի ընկերություն է, որը գնել է 200 կգ, մեկն էլ մի մարդ է՝ Մեյմանդարի շուկայից: Հիմա գիտենք՝ ինչ ենք անում, որ պարապ չմնանք: Փորձում ենք հասկանալ, թե էլ ինչ ցիտրուսային մրգեր են առել, որ արհեստական դեֆիցիտի համար պատժենք: Կամ նկարում են էն 5000 դրամանոց լոլիկը, որի կողքը մենք ունենք 700 դրամանոց, կամ Նազրվան վարունգը, որը մարտ ամսին ամենապիկ գինն է»:

  • Կիսվել: