ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեծապես գնահատում ենք Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը. գերմանացի պաշտոնյա

Մեծապես գնահատում ենք Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը. գերմանացի պաշտոնյա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենն արձանագրում է, որ Գերմանիայում բոլորը շատ լավ տեսնում են, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ բազմաթիվ ջանքեր են ներդրվել, Գերմանիան գնահատում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը:

Նիլս Աննենն այս մասին ասաց Երևանում անցկացված Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում՝ պատասխանելով  հարցին։

Նիլս Աննենը Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական շարժը գնահատեց դրական: «Բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում կառավարության մակարդակով: Բայց այս քննարկումներում ընդգրկված են նաև որոշ բիզնես ասոցիացիաներ Գերմանիայից: Բոլորը Գերմանիայում շատ լավ հասկանում և տեսնում են, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ բազմաթիվ ջանքեր են ներդրվել: Մենք Հայաստանում առաջընթաց ենք արձանագրել մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և հավելյալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ ձեռք բերվածը պահպանելու  և էլ ավելի զարգացնելու նպատակով»,-ասաց նա:

Միջկառավարական բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Նիլս Աննենը համոզված են, որ միջին մասնագիտական կրթության, ուսուցման ոլորտում ներդրումները կապահովեն անհրաժեշտ աշխատուժը Հայաստանում՝ նշված ուղղություններով առաջխաղացում գրանցելու համար:

«Տարածաշրջանում կան մարտահրավերներ: Եվ տարածաշրջանում ընդհանուր միջավայրը հաշվի առնելով՝ թույլ տվեք ընդգծել, որ միջավայրի բարելավման ուղղությամբ ցանկացած ներդրում համապատասխանաբար տարածաշրջանում խնդիրների հաղթահարման միջոցով պետք է արվի: Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը, որը շատ հնարավորություններ կտա այս առումով: Մենք սա ևս մեկ անգամ կներկայացնենք գերմանական բիզնեսներին, և հուսով ենք, որ նրանք․ միջավայրը հաշվի առնելով․ կավելացնեն կամ կշարունակեն իրենց ներդրումները»,-ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև արդեն առկա գործարար կապերի ամրապնդումն ու նոր կապերի ստեղծումը իրենց գլխավոր գործառույթներից է:

«Այս տարի մի քանի հանդիպումներ են եղել: «Այդ թվում նաև սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Enterprise Armenia-ի (Ներդրումների աջակցման կենտրոն), Էկոնոմիկայի նախարարության և այլ կողմերի մասնակցությամբ մասնակցել է Ֆրանկֆուրտում կայացած խոշոր ներդրումային կոնֆերանսին: Հաջորդ փետրվարին մասնակցելու ենք Բեռլինում կայանալիք «Կանաչ շաբաթ» խոշոր գյուղատնտեսական ցուցահանդեսին, ներկայացնելու ենք մի քանի տասնյակ ընկերությունների և այդպես շարունակ»,-ասաց նախարարը:

Քերոբյանն առանձնակի նշեց գերմանական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աշխատանքը Հայաստանում:

  • Կիսվել: