երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Մեր տնտեսական աճը կապված է մեր տնտեսական քաղաքականության հետ, այլ ոչ  զբոսաշրջիկների ներհոսքի․ Վահան Քերոբյան

Մեր տնտեսական աճը կապված է մեր տնտեսական քաղաքականության հետ, այլ ոչ զբոսաշրջիկների ներհոսքի․ Վահան Քերոբյան

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձել է ՀՀ տնտեսական աճի երկնիշ  ցուցանիշին՝ շեշտելով, որ այն կախված չէր ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան այցելությամբ․  «Իսկ որտեղի՞ց եք որոշել, որ թափն ընկել է: Սխալ տվյալներ եք նայել, որովհետեւ սեպտեմբերի վեջին տասնօրյակում կտրուկ բարձրացել է եւ մենք հիմա ավելի լուրջ խնդիրներ ունենք այդ մարդկանց Հայաստանում տեղավորելու հետ կապված, քան սեպտեմբերի սկզբին»:

Վահան Քերոբյանը նշեց, որ բոլոր կարծում են, թե տնտեսական աճը ինքնաբերաբար է եղել՝ իրենցից անկախ. «Այդպես չի: Տարվա առաջին երկու ամիսներին եւս մենք ունեինք 12%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշ եւ այդ ժամանակ ոչ մի աշխարհաքաղաքական գործոն չէր ազդում, ուղղակին մեր տնտեսական ծրագրերը, տնտեսական քաղաքականությունը տալիս է այն արդյունքը, որը մենք պլանավորել ենք: Այսօր էլ մեր տնտեսության արդիականացման, գյուղատնտեսական ծրագրերը տալիս են մեծ արդյունք: Շատ լավ աշխատում է կառուցապատման ոլորտը, չնայած ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, մշակող արդյունաբերությունը, որի աճը օգոստոսին եղել է մոտ 40%: Ընդհանուր առմամբ մեր տնտեսական աճը կապված է մեր տնտեսական քաղաքականության հետ: Արդեն 200-ից ավելի ընկերություն ընդլայնել է իր տնտեսական պոտենցիալը՝ նորագույն սարքավորումներ ձեռք բերելով: Դրանց մեջ կան խոշոր ընկերություններ՝ մեծ պայմանագրերով»:

Խոսելով զբոսաշրջիկներով պայմանավորված անշարժ գույքի գների մասին՝ դիտարկմանը, որ նույնիսկ զբոսաշրջիկներն են արդեն բողոքում, որ անշարժ գույքի գները հասել են Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի գներին՝ Քերոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, նույնիսկ անցել են: Իմ ընկերը մի քանի օրով պիտի Հայաստան գա, ասեց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում ճարել: Առաջվա պես հարմար գներով բնակարաններ հնարավոր չի վարձել: Մենք հիմա մեծ աշխատանք ենք անում, որ կարողանանք նոր՝ ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա: Աշխատում ենք թե՛ մասնավոր ընկերությունների հետ, թե՛ ներսում փորձում ենք իրականացնել ծրագրեր: Մի քանի հազար, մոտ 7000 բնակարան, որը տարվա սկզբին դատարկ էր, արդեն մտել է շրջանառության մեջ, բնակվողներ կան: Դա մենք համեմատում ենք հոսանքի ծախսերով: Դա՝ միայն Երեւանում, ընդհանուր Հայաստանում՝ ավելի շատ: Մենք աշխատում ենք անել ծրագրեր, որ ավելի շատ բնակարաններ երկրորդային շուկայից մտնեն շրջանառության մեջ: Այստեղ խնդիրը իսկապես մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներով բնակարաններ, այլ՝ տասնյակ հազարներ՝ հաշվի առնելով մարդկանց այն քանակը, որ ամեն օր գալիս է»:

  • Կիսվել: