երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Մեր ապագան տեխնոլոգիական Հայաստանն է». Հայկ Չոբանյանը համախմբման կոչ է արել

«Մեր ապագան տեխնոլոգիական Հայաստանն է». Հայկ Չոբանյանը համախմբման կոչ է արել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 2-ին մասնակցել է «Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերության հայաստանյան գրասենյակի (Orion Worldwide Innovations Armenia) գործունեության մեկամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում ընկերության հայաստանյան գրասենյակի համահիմնադիրներ Էմմա Առաքելյանը և Դիանա Արզումանյանը հյուրերին ներկայացրել են ընկերության գործունեությունը, գրանցած հաջողությունները և հետագա անելիքները։ 

Շնորհավորելով «Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերությանը մեկ ամյակի առթիվ և օգտվելով օրվա խորհրդից՝ Հայկ Չոբանյանն ավելի մեծ հաջողություններ և ձեռքբերումներ է մաղթել: 

«Ոչ միայն մեր ապագան, այլ մեր ներկան կախված է բարձր տեխնոլոգիաների ոլորտից: Մենք պետք է օգնենք, որ ժողովուրդը ոտքի կանգնի` երկիրը կառուցելու: Մեր կարողությունները շատ ավելի մեծ են, ոլորտի աճը պետք է լինի բազմապատկելի: Մեր ապագան, մեր հաղթանակը տեխնոլոգիական Հայաստանն է»,-ասել է Հայկ Չոբանյանը:

Նախարարը համախմբման կոչ է արել՝ գործով, որակյալ կրթությունը վերականգնելով, աշխարհի լավագույն մտքերը ներգրավելով, տեխնոլոգիական ոլորտին նեցուկ լինելով երկիրը ոտքի կանգնեցնել ու զարգացնել։

Շնորհավորական խոսքով և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը։ Խոսելով Հայաստանի զարգացման ռազմավարության մասին՝ նա նշել է, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը պետք է դառնա նոր արդյունաբերական երկիր։ 

«Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերությունը հիմնադրվել է էկոստարտափ համակարգի զարգացման, պոտենցիալ ստարտափների նույնականացման և դրանց միջազգային շուկա մուտք գործելուն աջակցելու համար: Ընկերությունը համագործակցում է ամերիկյան BAJ աքսելերատորի հետ: Մեկ տարվա ընթացքում նույնականացվել են ավելի քան 1200 ստարտափ, որոնցից 71-ն անցել են BAJ աքսելերացիոն ծրագիրը: 

  • Կիսվել: