շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ունենք տնտեսության ճյուղեր, որտեղ որակավորված մասնագետների պակաս կա. Տիգրան Խաչատրյան

Մենք ունենք տնտեսության ճյուղեր, որտեղ որակավորված մասնագետների պակաս կա. Տիգրան Խաչատրյան

Միայն վարչապետը կամ ֆինանսների նախարարը չեն, որ թվերի մասին խոսում են. թվերի մասին խոսում են վիճակագրությամբ, և պետեկամուտների կոմիտեն, որը պարբերական հաշվետվություններ է ստանում տնտեսվարող սուբյեկտներից, իր ստացած հաշվետվությունների ամփոփ արդյունքներն է հրապարակում, որոնք վկայում են, որ գրանցված աշխատատեղերի քանակը՝ նախկինում արձանագրված ցուցանիշների նկատմամբ էական աճ է գրանցել: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե «ինչպե՞ս է, որ աշխատատեղերի ու միջին աշխատավարձի ավելացման մասին են խոսում կառավարությունում, սակայն դա մարդկանց ապրելակերպի վրա չի երևում»:

«Եթե խոսելու լինենք այն մասին, թե հատկապես ո՞ր ոլորտներում, աշխարհագրական առումով ի՞նչ բնագավառներում՝ դրա մասին էլ ենք խոսել. Ինձ թվում է, որ մենք մեկ անգամ չէ, որ այդ հարցին անդրադարձել ենք: Ավելի մեծ պահանջարկ, բնականաբար, կա այն ոլորտներում, որտեղ կա բարձր որակավորում՝ բարձր որակավորման աշխատանքի պահանջն է ավելի բարձր: Անգամ մենք ունենք տնտեսության ճյուղեր, որտեղ որակավորված մասնագետների պակաս կա, ընդ որում, ես չեմ ուզում առանձնացնել միայն բարձր տեխնոլոգիական ոլորտը, նույնիսկ՝ շինարարության բնագավառում այսօր, գաղտնիք չէ, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս ակնհայտորեն նկատվում է»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով, երևի հավասարաչափ չէ պահանջը.

«Այսինքն, ավելի պահանջված են բարձր որակավորման մասնագիտությունները և երևի բոլոր տեղերում չէ, որ մարդիկ ուղիղ համամասնական եղանակով են նկատում եկամուտների ավելացումը կամ աշխատատեղերի ավելացումը: Սակայն, դա փաստ է»,- ասաց Խաչատրյանը:

Թե ե՞րբ ավելի շատ չափով մարդիկ կզգան, Ֆինանսների նախարարի կարծիքով, դա տեղի է ունենում աստիճանաբար և հիմա էլ են զգում, պարզապես ոչ այնքան բարձր տեմպերով, որքան որ իր կողմից նշված մասնագիտությունների բնագավառում:

  • Կիսվել: