հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մենք ունե՞նք այդպիսի վերլուծություն, թե մենք ո՞վ ենք եվրասիական հարթակում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների փոխնախարարին

Մենք ունե՞նք այդպիսի վերլուծություն, թե մենք ո՞վ ենք եվրասիական հարթակում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների փոխնախարարին

«Մենք ունե՞նք այդպիսի վերլուծություն, թե մենք ո՞վ ենք եվրասիական հարթակում։ Նկատի ունեմ մեր արտադրական հզորությունները, մեր ծառայությունները, լոգիստիկան, մեր ունեցած ճյուղերը, միկրոճյուղերը։ Մենք ո՞վ ենք, ի՞նչ կարգի արտադրությունների ծավալներն է հնարավոր  մի քանի անգամներով մեծացնել ներկայանալի լինելու  համար»,- ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին։

Պատգամավորի խոսքով, թեև հարցի հասցեատերը առավելապես Էկոնոմիկայի նախարարությունն է, բայց Ֆինանսների նախարարության պատասխանատուներն էլ լավ գիտեն, որ մեր երկիրը պետք է գտնի,թե ինչ հանքահումքային ռեսուրսներով պետք է ներկայանա եվրասիական հարթակում․ «որպեսզի ապրանքները մինչև դրանց վերջնական արդյունքը և սպառողին հասնելը  ՀՀ-ում արտադրվեն,  այսինքն՝ վերջնական արդյունքը մեր երկրում ունենանք»։

Ըստ Սուքիասյանի, կան արտադրանքի արտահանման խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում․ «Մաքսային գնահատականը, մաքսային արժեքը տալը,  ձևակերպելը ծածկագրերով չի իրականացվում, մենք դա պետք է  հրատապ լուծենք»։

«Սա մի հարց է, որ ամեն օր մեզ պետք է տանք, այն տրամաբանությամբ և ակնկալիքով, որ  ամեն օր մենք վերաիմաստավորենք մեր դիրքը, տեղն ու  ավելացնենք մեր  մրցունակությունը»,- ի պատասխան հարցին նշեց Արման Պողոսյանը։

Ըստ նրա՝ մեր երկրի համար կան նաև օբյեկտիվ սահմանափակումներ, այս թվում՝ լոգիստիկ հնարավորությունների մասով․ «Կառավարությունը այլընտրանքային լուծումներ է նախատեսում,  այդ թվում տրանսպորտային հնարավորություններն ընդլայնելու ճանապարհին։ Հաշվի առնելով մեր տնտեսության առանձնահատկությունները և կախվածությունը էներգակիրներից, հանքահումքային ոչ մեծ ռեսուրսները՝ հիմնականում պետք է շեշտադրումը լինի  գիտելիքի հիման վրա կառուցված և տեխնոլոգիական արտադրանքի կազմակերպումը, որը ժամանակի և տարածության մեջ ավելի  շարժուն է և այստեղ կարծես թե կարող ենք ունենալ մրցակցային առավելություններ ու ազգային տնտեսության մրցակցության որոշակի աստիճան»։  

Ըստ փոխնախարարի, եվրասիական հարթակում ձևավորված է մի միջավայր, երբ յուրաքանչյուր երկիր փորձում է գրավիչ ներդրումային պայմաններ ստեղծել։

Խոսելով մեր երկրի հանքահումքային ռեսուրսների մասին, փոխնախարարը նշեց, որ կարևոր է շեշտադրել էներգետիկ ռեսուրսները և հանքարդյունաբերության ծավալները։ «Օրակարգում է, հեշտ հարց չէ, պետք  է   բոլոր ռեսուրսները ներդնենք  այս հարցը հավասարակշռված ձևով լուծելու ուղղությամբ։ Պատրաստակամ ենք  աշխատել», ընդգծեց Պողոսյանը։

Խաչատուր Սուքիասյանն էլ հավելեց․ «Մետաղային և ոչ մետաղային հանքահումքային մեր ողջ հնարավորությունների մասով՝ մենք միշտ անդրադառնում ենք մետաղայինին, առանց գիտակցելու որ ոչ մետաղայինը նույնպես արտադրական հզորությունների ձևավորման համար բավականին  մեծ հնարավորություններ ունի։  Այսօր ՀՀ-ն ժամանակակից շինարարական նյութեր արտադրելու  բավականին մեծ   հնարավորություններ ունի, որպեսզի մրցունակ արտադրանք տա»։

«Ես հասկանում եմ, որ կարող ենք ավելի մեծ բյուջե ունենալ, ծախսային մասը պետք է բավականին խորը հաշվարկի արդյունքում լինի և հասկանանք, թե պետական աջակցությունը որ ոլորտին և արտադրողներին պետք է ուղղվի , որպեսզի կարողանանք ճիշտ գեներացնել և դրա արդյունքում էլ ունենանք արտահանում և բավականին եկամուտներ՝ հարկերի և աշխատավարձի տեսքով»,- ընդգծեց պատգամավորը։

  • Կիսվել: