ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք մտադրված ենք, որ մեր երկրում մետալուրգիա լինի, զարգանա մշակող արդյունաբերությունը․ ՀՀ վարչապետ

Մենք մտադրված ենք, որ մեր երկրում մետալուրգիա լինի, զարգանա մշակող արդյունաբերությունը․ ՀՀ վարչապետ

Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ արտացոլել ենք մեր տեսլականը՝ Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր և ոչ թե հումք մատակարարող երկիր, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս նման ծրագրի իրականացումը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաների կիրառում։

«Երկրում կան մի քանի նախագծեր, և մենք մտադրված ենք, որ մեր երկրում մետալուրգիա լինի։ Ընդհանրապես, մշակող արդյունաբերությունը զարգանա։ Մեր երկրի տնտեսական աճի մեջ մշակող արդյունաբերությունը դարձավ առաջատար ճյուղը», -հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Այդուհանդերձ, Փաշինյանը նկատեց, որ իր այս հայտարարությունը կարող է բնապահպանական շահարկումների թեմա դառնալ ու ընդգծեց, որ պետք չէ բնապահպանությունը բացարձակ դարձնել։

«Օրինակ, կառավարության շենքը, որտեղ հիմա ես նստած եմ և մյուս շենքերը հակաբնապահպանական տարր են պարունակում։ Կարող էր այստեղ չլինել շենք, այլ լինեին ծառեր, կենդանիներ։ Քաղաքակրթության և բնապահպանության մեջ մենք պետք է ճիշտ բալանս գտնենք, որովհետև ժամանակակից աշխարհում բնապահպանությունը առաջնային խնդիրներից մեկն է, մեր կառավարության համար՝ ևս։ Բայց մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը, մենք կարծում ենք, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված չափորոշիչները»,- հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: