երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա․ Փաշինյան

Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա․ Փաշինյան

Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա եւ հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է խաղաղության օրակարգի երկու սկզբունքները, որոնց շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել․ «Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառ կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառ կմ։ Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին տեղ չթողնի ասելու թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ հռչակագրի առանքային իմաստը հետեւյալն է՝  Խորհրդային Միությունը դադարու մ է գոյություն  ունենալ եւ հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վարչական սահմանների անխախտելիությունը եւ հետեւաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին կստորագրվի։ Հույս ունեմ՝ առաջիկայում նաեւ զարգացումներ կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ      սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ»։

Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին  եւ նշել սկզբունքները․ «Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը։ Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցնման անվտանգության ապահովումը մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ։ Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար։ Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության եւ փոխադարձության սկզբունքով, այդպիսով կարող է իրականացվել սահմանային եւ մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցում։ Այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը։ Դրանք անհրաժեշտ են մի շարք թյուրըմբռնումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար։ Առաջիկայում մենք այս նախագիծը պաշտոնապես կներկայացնենք նաեւ տարածաշրջանի երկրների կառավարություններին եւ հույս ունեմ համատեղ ուժերով, այդ թվում՝ ներդրողների ակտիվության պայմաններում մենք կկարողանանք այն կյանքի կոչել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: