հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը. Տիգրան Խաչատրյան

Մենք չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը. Տիգրան Խաչատրյան

Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցումասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի կառավարությունից, որպեսզի տնտեսությանը հասցված վնասները վերականգնվեն, նախարարը նշեց, որ գնահատականները տարբեր են:

«Տարբեր միջազգային կազմակերպություններ այս պահի դրությամբ կարծում են, որ 3.5%-ի  անկում կարձանագրվի եւ զարգացած, եւ զարգացող տնտեսություններում: Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերականգնվեն նույն չափով: Այսինքն, ես կարծում եմ՝ մենք մեծ բացառություն չենք լինելու մյուս երկրների համեմատությամբ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նա միաժամանակ նշեց, որ կփորձեն արագ կողմնորոշվել և արագ գործել, դա շատ կարևոր տարբերություն է լինելու զարգացման համար:

«Մենք չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում մենք պետք է դիրքավորվենք այնպես և աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված են և երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ: Կարծում եմ՝ 2021 թվականը լինելու է տնտեսական աճի այն տարին, երբ կորսվածը քանակական ցուցանիշների տեսքով հետ է բերվելու»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարելի է պնդել, որ 2021-ին տնտեսությունը կվերականգնվի, եթե դեռ հայտնի չէ, թե երբ կհաղթահարվի կորոնավիրուսը, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Այդ փոփոխականը կա, դա միայն ՀՀ-ում չէ, որ անորոշ է: Այդ անորոշության պայմաններում են տրված միջազգային գնահատականները: Եթե ժամանակը ցույց տա, որ ավելի արագ է տեղի ունենալու վերականգնումը, կնշանակի, որ ես սխալվել եմ, որ դա կլինի ոչ թե 2021-ին, այլ 2020-ի 4-րդ եռամսյակում»:

  • Կիսվել: