ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք արդեն որոշակի ուղենիշներ ունենք. դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է. Գեւորգ Պապոյան

Մենք արդեն որոշակի ուղենիշներ ունենք. դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է. Գեւորգ Պապոյան

Նախարարություն եմ եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել ենք ժողովրդից: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարել է նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը: Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարարին:

«Իսկ մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ, և այդ առումով, իհարկե, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է, որովհետև այո, մի շարք խնդիրների լուծում հենց տնտեսության զարգացման մեջ է գտնվում:

Եվ այդ առումով կցանկանայի, որ բոլորս, ով այս նախարարությունում աշխատում է՝ առավել ևս, վերաբերվենք մեր աշխատանքին՝ որպես ծառայություն մեր ժողովրդին և պետությանը, և որպես առաքելություն, որի շրջանակներում պետք է մեզնից հետո փոխանցենք շատ ավելի ամուր և շատ ավելի դիմակայուն պետություն: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է և այլն: Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն:

Սա շատ կարևոր, միգուցե՝ ամբիցիոզ գաղափար է, բայց երևի աշխարհի երկրների ընտանիքում մեր ուրույն տեղն ու անելիքն ունենալու համար այլընտրանք գոյություն չունի: Այս առումով, կարծում եմ, որ մեր կառավարությունը մի շատ կարևոր քաղաքական հանձնառություն է որդեգրել՝ դա առաջնորդության գաղափարն է: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ նույնպես պետք է առաջնորդություն վերցնենք մեզ վրա: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է արձագանքենք արդեն իսկ եղած երևույթներին և փորձենք դրանց հարմարվել կամ լուծումներ գտնել, այլ լինենք նախաձեռնող և ինքներս կանխատեսենք դրանք, ընդառաջ գնանք դրանց: Այդ դեպքում, թերևս հնարավոր բարդությունները չեն լինի կամ չեն լինի այն աստիճանի, որոնք կարող էին իներտության դեպքում դրսևորվել»,- ասել է Գևորգ Պապոյանը և գործընկերներին կոչ արել՝ մշտապես լինել պրոակտիվ, նոր գաղափարներ առաջարկել:

  • Կիսվել: