չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ տարվա վերջում կարձանագրվի շուրջ 10 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան

Ակնկալում ենք, որ տարվա վերջում կարձանագրվի շուրջ 10 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան

Փոխարժեքը հետևանք է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց Հայաստան ժամանելու արդյունքում մենք շատ մեծ արտաքին պահանջարկ ունեցանք, որն արտահայտվեց  տնտեսական աճի թվերի մեջ՝ ծառայությունների ոլորտի, առևտրի ոլորտի աճերի շնորհիվ և նաև փոխարժեքի որոշակի արժևորման տենդենցների հետ պայմանավորված: Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, իրենց հիմնական ծախսման ուղղություններն արժութային են, այսինքն՝ իրենք մանրում են իրենց մոտ եղած արտարժույթը, ձեռք են բերում հայկական դրամ, իրականացնում են ձեռքբերումներ»,- նշեց Մարտին Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկն  արժութային շուկային միջամտում է այն դեպքերում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է. «Սեպտեմբերին Ռուսաստանում եղան մի շարք որոշումներ, որոնք պայմանավորված էին ռուս-ուկրաինական կոնֆլիկտով, դրա արդյունքում մենք նկատում ենք, որ արտարժութային ներհոսքը Հայաստան ևս մեկ անգամ էապես ավելացել է, ուստի մենք դա անարձագանք չէինք կարող թողնել, որովհետև, այն ազդեցություն էր ունենում նաև արժութային շուկայի վրա: Ինչ վերաբերում է հիմնական դրայվերներին, որոնց արդյունքում մենք տեսնում ենք, որ գնաճը հետևողականորեն մնում է բարձր մակարդակի վրա, իսկ ինչպես ենք դրա դեմ պայքարում, պայքարում ենք մի քանի եղանակով: Դրանցից առաջինը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքի արժևորումը, որը բնական գործընթաց է, սրանք  օգնում են այդ գնաճը որոշակիորեն զսպել: Եթե մենք տոկոսադրույքն այդ չափով չբարձրացնեինք ու փոխարժեքներն այս չափով չարժևորվեին, ապա մեր գնահատականներով գնաճը Հայաստանում կիներ 15 տոկոսի շրջակայքում: Հիմա 9.9 տոկոս է, մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք  շուրջ 10 տոկոսի գնաճ»:

  • Կիսվել: