ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա պաշտոնական այցը Վրաստան

Մեկնարկել է Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա պաշտոնական այցը Վրաստան

Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա պաշտոնական այցը Վրաստան:

Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել Հայաստանի իր գործընկերոջ հետ՝ երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Գնել Սանոսյանը ընդգծել է պարբերական հանդիպումների և շփումների կարևորությունը` փոխվստահության առավել ամրապնդման և երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար։  Այս համատեքստում նախարար Սանոսյանն անդրադարձել է նաև Վրաստանի մասնակցությանը օրեր առաջ Գյումրիում կայացած ԵԽ անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի եռաստիճան դասընթացի երրորդ փուլի բացման արարողությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փորձի փոխանակման ու համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են  «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միջև տարածաշրջանային և միջպետական փոխկապակցվածության շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

  • Կիսվել: