երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի 8200 դոլարի․ Քերոբյան

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի 8200 դոլարի․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։ Նա այս մասին հայտարարեց «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում՝ ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը։
 
Նախարարը միաժամանակ շեշտեց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։
 
Նրա խոսքով՝ թեպետ ցուցանիշով Հայաստանը բարելավել է դիրքերն այլ երկրների համեմատությամբ, սակայն շարունակում է մնալ համաշխարհային վարկանիշի 88-րդ հորիզոնականում:
 
«Մեր տնտեսության կառուցվածքը դեռևս մնում է պարզ, արտահանվող ապրանքներն ու ծառայությունները դեռևս բազային են»,- նշեց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ աշխատանքի արտադրողականությունը խթանելու համար կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց թվում է տնտեսության արդիականացումը։ Այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է ընկերությունների ձեռք բերած նոր հոսքագծերի, սարքավորումների վարկերի տոկոսների մեծ մասը։
«Կանխատեսումներով այս տարվա վերջին ավելի քան 3 հազար ընկերություն ձեռք բերած կլինեն մոտ 200 մլրդ դրամի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն այդ ընկերություններին դառնալ ավելի մրցունակ»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: