չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարդիկ կան, որոնք չեն ուզում, որ գյուղատնտեսության ոլորտում առկա հարցերը լուծում ստանան, խաչ են քաշել ոլորտի վրա․ Հրաչ Բերբերյան․ «Փաստ»

Մարդիկ կան, որոնք չեն ուզում, որ գյուղատնտեսության ոլորտում առկա հարցերը լուծում ստանան, խաչ են քաշել ոլորտի վրա․ Հրաչ Բերբերյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գյուղատնտեսության ոլորտը մշտապես «Փաստի» ուշադրության կենտրոնում է: Փորձագետների հետ պարբերական զրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ փոփոխություններ եղե՞լ են ոլորտում, տրվե՞լ են ընթացիկ խնդիրների լուծումները և այլն: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում այս անգամ առաջին հերթին առանձնացնում է սերմերի խնդիրը, նշում է՝ այս պահին ունենք սերմերի, հատկապես դրանց որակի խնդիր:

«Վերջերս չակերտավոր մի մասնագետ փորձում էր համոզել մեզ, որ Հայաստանն աշնանացանի առումով սերմնաբավ է: Իհարկե, դա այդպես չէ:Բացի դա, տգիտության աստիճանն այնքան է, որ այդ մարդիկ տեղյակ չեն, որ գյուղատնտեսության մեջ սերմնաթարմացման խնդիր կա, և անընդհատ սերմաթարմացում պետք է անենք: Պետք է պարբերաբար ներկրենք սուպեր էլիտա, էլիտա և այլ տեսակի սերմեր: Սերմերի վիճակն անմխիթար է: Նորություն չենք ասի, որ պարարտանյութերի գները շարունակում են թանկ մնալ, գյուղացին որևէ հույս չունի, թե գնանկում կլինի, էժան գնով կկարողանա պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել: Ի դեպ, բարձրացել են նաև վարի գները, քանի որ դիզվառելիքի գները բարձրացան և չնվազեցին, ինչպես միշտ: Կարծում եմ՝ այս ամենի ֆոնին կունենանք ցանքատարածությունների անկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Մեզ հետ զրույցներում փորձագետը պարբերաբար բարձրացրել է պարարտանյութերի որակի ու գնի, դիզվառելիքի թանկացման, սերմացուի որակի հարցերը: Հետաքրքրվում ենք՝ իսկ քննարկումներ կամ քննարկումներ անցկացնելու առաջարկներ եղե՞լ են համապատասխան գերատեսչությունների կողմից: «Եթե նույնիսկ քննարկումներ եղել են, ապա մեզ այդ քննարկումներին չեն հրավիրել: Քպականները սարսափելի «լուրջ» մասնագետներ են, և իրենց միջոցով, իրենց ուղեղների չափով են փորձում այդ հարցերը լուծել: Պարզ ասացի, չէ՞»,-նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ անդրադառնում ենք մթերման խնդրին: «Այս առումով ևս փոփոխություններ չունենք: Խաղողի վիճակը ծանր է, գյուղացիները մասսայաբար դժգոհում են: Պատահական չէ, որ խաղողագործները էկոնոմիկայի նախարարին մեդալ նվիրեցին»,-հավելում է փորձագետը՝ վերհիշելով վերջերս տեղի ունեցած քննարկումը, որի ժամանակ խաղողագործները «խաբեբաների մեդալ» տվեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Ի դեպ, Բերբերյանը տարակուսած է, ասում է, որ վերջերս շատ լրատվամիջոցներ մի տեսակ սկսել են անտեսել գյուղատնտեսությանն առնչվող թեմաները: «Նման միտում ենք սկսել նկատել: Պատճառը չգիտենք, թե որն է: Բայց կարծում եմ՝ կան ճնշումներ: Ամենաթույլ տեղերից մեկն է, ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել հայ գյուղացին»,-ընդգծում է նա:

Փորձագետի խոսքով, մարդիկ կան, որոնք ուղղակի չեն ուզում, որ գյուղատնտեսության ոլորտում առկա հարցերը լուծում ստանան, ուղղակի խաչ են քաշել ոլորտի վրա: Նշում է՝ ռազմական վերջին ագրեսիայի ընթացքում Գեղարքունիքի մարզում արոտավայրեր ենք կորցրել, սակայն հույս ունի, որ միջազգային կառույցների, եվրոպական երկրների օգնությամբ դրանք հետ կբերենք: «Այս օրերին այնտեղ բերքահավաք է ընթանում, օրերս եղել եմ Սոթքի տարածաշրջանում: Գյուղացիներն ավելի մեծ ակնկալիքներ ունեին, բայց, դե, լավ չեն մշակել, գիտենք՝ ինչ պայմաններ էին: Ինչ-որ շահույթ կունենան, բայց ռեկորդային բերք այնտեղ չենք տեսնում: Բացի դա, վերջին շրջանում նաև խոտածածկերի հրդեհներ են լինում, անասնակերի հետ կապված խնդիրներ ենք ունենալու»,-նշում է ՀԿ-ի նախագահը:

Հիշեցնում է՝ արդեն երրորդ տարին է, ինչ բարձրաձայնում է, որ անասնագլխաքանակը նվազում է, սակայն որևէ քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար:

  • Կիսվել: