շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մաքսայինի որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել. Փաշինյան

Մաքսայինի որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել. Փաշինյան

Վերջերս դեպքեր բացահայտվեցին, երբ մաքսային ծառայության որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր վրացական համարանիշներով մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա արվել է նրա համար, որպեսզի մեկ տարվա ժամկետը զրոյանա, նորից սկսի: Ընդ որում, նրան  ծառայություններից օգտվելու փորձ են անում այն մարդիկ, որոնք առանձնապես սոցիալապես անապահով չեն, մեղմ ասած: Սա շատ խիստ զգուշացում մաքսային ծառայությանը եւ ՊԵԿ-ի ղեկավարությանը, որ շատ խիստ հետեւեն այդ ամենին, որպեսզի բարեվարքության կանոններից շեղումներ չլինեն»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով առաջարկվում է, որ այն անձինք, որոնք արդեն ներմուծել են մեքենաները «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, այսինքն վարում են վրացական համարանիշներով, իրենց համար աջակցության ծրագիր է իրականացվում եւ վճարվող մաքսատուրքի մի մասը պետությունը փոխհատուցում է:

Մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մասով փոխհատուցվելու է  վճարվող գումարի 40 տոկոսը, այսինքն քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 60 տոկոսը, իսկ 5 տարուց հին մեքենաների դեպքում քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 30 տոկոսը, 70-ը կփոխհատուցի պետությունը»:

Նշվեց, որ այս մեխանիզմը գործելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը, դրանից հետո քաղաքացիները չեն ստանա կառավարության կողմից փոխհատուցում եւ ստիպված կլինեն 100 տոկոսով վճարել մաքսատուրքը:

  • Կիսվել: