ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մանր ու միջին գողացողները երկրից չեն վերացել. Փաշինյան

Մանր ու միջին գողացողները երկրից չեն վերացել. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ասաց, որ գյուղացին այսօր անտեսված է, իսկ պարարտանյութերի սուբսիդավորումը՝ դադարեցված է:

Նրա դիտարկմանը պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.  «Ինձ հետաքրքրում է, թե ինչու եք նման լալահառաչ տոնով այդ հարցը տալիս, իմանալով, որ դիզվառելիքի մի մեծ մասը նաեւ մնացած գյուղապետարաններում, այլ շրջնակներում մսխվում, գնում էր:

Մենք ասում ենք՝ գյուղացուն օգնում ենք աշխատել, իսկ դուք ասում եք՝ գողության մեխանիզմը ինչու եք  փակել, որոշ գյուղապետերի եւ «Ճ» կլասի պաշտոնյաների թողել անտեր: Լավ ենք արել: Որովհետեւ տասնյակ քրեական գործեր կան դրանցով հարուցված: Դուք մամուլում չե՞ք կարդացել, որ սալյարկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում: Չե՞ք կարդացել, որ դիզվառելիքը, որ տալիս ենք, որ բաժանվում է հեկտարների, ստացվում է, որ մեխ հողամասեր ունեցողները մեծ քանակով վառելիք, սելիտրա են ստանում, եւ ստացվում է, որ օլիգարխներին ենք ֆինանսավորում: Իսկ դուք ասում եք՝ գյուղացին մնացել է մենակ:

Մենք գյուղաիների համար տասնյակ ծրագրեր ենք անում, գումարներ ենք հետ տալիս: 11-ից ավելի ծրագիր եմ ես այստեղ ներկայացրել: Մենք զարգացման ծրագրեր ենք ներկայացնում, մենք ուզում ենք գյուղացուն այնպիսի զարգացման տրամաբանության մեջ դնել, որ ինքը օգնության կարիք չունենա: Կամ եթե կարիք լինի, այդ օգնությունը հասցեական գնա հասնի հասցեատերերին»:

Ըստ վարչապետի՝ այդ մեխանիզմները փակվել են, որովհետեւ դրանից ոչ թե գյուղացին է օգտվում, այլ խոշորները: Նա նշեց.  «Իսկ ապօրինի չարաշահումները գնում, դառնում են ընտրությունների, հանրաքվեի, «այո»-«ոչ»-ի խոսակցությունների: Ճիշտ եք արել, որ փակել ենք, որովհետեւ դա անարդյունավետ ծախս է: Այն մարդը, որ ձեզ խորհուրդ է տվել այդ հարցը տալ, լավ կլինի այդ անունը փոխանցեք, գնանք տեսնենք, թե քանի տոննա դիզվառելիքի բաշխմամբ է ինքը զբաղվել եւ հիմա ինչ գույքի եւ եկամուտների է տիրապետում»:

Պատգամավորն էլ ասաց, որ պետք է ոչ թե օգնությունները դադարեցնել, որովհետեւ գողանում են, այլ այնպես անել, որ չգողանան:

Փաշինյանը պատասխանեց, որ այսօր էլ են գողանում, և ամեն օր կոռուպցիայի, կաշառակերության գործերով գործող պաշտոնյաներ են ձերբակալվում: Նա ասաց, որ չի կարծում, թե 30 տարում արմատացած կոռուպցիոն համակարգը պետք է մեկ տարում արմատախիլ արվեին: «Համակարգային կոռուպցիան ՀՀ-ում չկա, բայց դա չի նշանակում, որ մանր գողացողները եւ մի փոքր էլ միջին գողացողները երկրից վերացել են: Բայց մենք բոլորի հետեւից գնալու ենք»,-եզրափակեց վարչապետը:

  • Կիսվել: