շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մանիպուլյացիաներ Արարատյան դաշտի խնայված ջրի ծավալի շուրջ

Մանիպուլյացիաներ Արարատյան դաշտի խնայված ջրի ծավալի շուրջ

Շրջակա միջավայրի նախարարի «ջրախնայողության» ցուցանիշներն ապահովել են տարիներ առաջ լքված ու ցամաքած խորքային հորերը, գրում է hetq.am-ը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, որ 2019թ.-ին Արարատյան դաշտում խնայվել է 3010 լ/վրկ ջուր, որը Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալն է: Սակայն, պարզվում է՝ ջրի խնայողության հայտարարված ծավալն իրականությանը չի համապատասխանում։ Ձեւական ցուցանիշներ գրանցելով՝ նախարարությունը շարունակում է կոծկել ջրի կորուստները։

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու, կանոնակարգելու եւ նորմավորելու համար իրականացվող աշխատանքների արդյունքում 2019թ.-ին խնայվել է 3017,8 լ/վրկ ջուր: «Նախորդ տարի Արարատյան դաշտի ինքնաշատրվանող լքված հորերի կոնսերվացման եւ լուծարման շնորհիվ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ: Սա ավելին է, քան Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալները»,- տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարությունը «խնայված» ջրաքանակի հաշվարկի մեջ մտցրել է 2013թ.-ից  ցամաքած ու լքված խորքային հորերից ջրառի ցուցանիշները: «Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալների» չափով 2019թ.-ի ջրախնայողության հաշվարկը կատարել է 2016թ.-ից ջրօգտագործման թույլտվություն չունեցող եւ ձկնաբուծական տնտեսության գործունեությունը դադարեցրած ընկերությունների նախկինում օգտագործած ջրաքանակի ծավալը:

Նախարարությունից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2019թ.-ին

  1. լուծարվել է 8 խորքային հոր՝ խնայելով 500 լ/վրկ ջուր,
  2. ա/ կոնսերվացվել է 43 խորքային հոր՝ խնայելով 828,8 լ/վրկ ջուր,

   բ/սեփականության իրավունքով ջրօգտագործողներին պատկանող հողատարածքներում գտնվող ազատ հոսքով խորքային հորերից ջրօգտագործողների անձնական միջոցների հաշվին կոնսերվացվել է 28 խորքային հոր՝ խնայելով 441լ/վրկ ջուր,

  1. փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր՝ խնայելով 1248 լ/վրկ ջուր:

Այս աշխատանքներն իրականացնելու համար Կառավարության 2019թ. սեպտեմբերի 19-ի թիվ 1257-Ն որոշումով պետական բյուջեի պահուստայի ֆոնդից հատկացվել է մոտ 38 մլն դրամ՝ Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող եւ բացասական մակարդակով հորերը լուծարելու եւ կոնսերվացնելու նպատակով:

Հայաստանում խորքային հորեր լուծարելու եւ կոնսերվացնելու աշխատանքներ կատարել են նաեւ միջազգային կազմակերպությունները: Կազմակերպության աշխատակիցները չցանկացան իրենց անունից կարծիք ներկայացնել, այնուամենայնիվ, պնդեցին, որ տրամադրված գումարի դիմաց ներկայացվող աշխատանքները չափազանցված են: Նրանց ասելով՝ խորքային հորերը լուծարելու կամ կոնսերվացնելու համար Կառավարության որոշումով հաստատված նախահաշիվը՝ 1,5-2,5 մլն դրամ, հեռու է իրականությունից: Խորքային հորի տեխնիկական վիճակով եւ կատարվող աշխատանքների ծավալով պայմանավորված, մեկ խորքային հորի լուծարումն ու կոնսերվացումը կարող է մինչեւ 40 մլն դրամ արժենալ: Մինչդեռ, նախարարությունը հայտնում է, որ 38 մլն դրամով 8 խորքային հոր է լուծարել, 43-ը կոնսերվացրել է, եւս 20-ը՝ փականային ռեժիմի է բերել:

Այստեղից էլ կասկածը, ճի՞շտ է, արդյոք, որ 2019թ.-ին «Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալների չափով ջուր է խնայվել Արարատյան դաշտում»:

Նախարարության տվյալներով՝ լուծարել եւ կոնսերվացրել են Արարատի եւ Արմավիրի մարզերի ձկնաբուծարանների խորքային հորերը: Նախարարությունը չպարզաբանեց, թե աշխատանքներն իրականացնելու համար ինչպե՞ս են ընտրվել հենց այդ ձկնաբուծական տնտեսությունները: Մեր ձեռքի տակ երկու աղբյուր կա, որոնք հավանականորեն կարող էին հիմք հանդիսանալ խորքային հորերը լուծարելու եւ կոնսերվացնելու աշխատանքներ իրականացնելու համար:

Առաջինը՝ Կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի 2019թ. իրականացրած ստուգումներն են: Տեսչությունը հայտնում է, որ ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ոլորտում թույլ տրված օրինախախտման համար 52 սուբյեկտ վարչական տուգանքի է ենթարկվել: Տեսչությունը Քննչական կոմիտեի գրության հիման վրա ստուգումներ է իրականացրել Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում գործող «Մխչյան ֆիշ» եւ «Մերի ֆիշ» ձկնաբուծական տնտեսություններում (նախարարության ներկայացրած ջրախնայողության ցանկում այս ընկերությունների անունները չեն ներառվել-Ս.Պ.): Շրջակա միջավայրի նախարարության դիմումով տեսչությունը ստուգումներ է իրականացրել «ՌԱՊՍ», «ԷԿՈՖԻՇ ԹՐԵՅԴ», «ԳՈԼԴԵՆ ՖԻՇ-Կ» ընկերություններում եւ «ՖԻՇԱՐՏ» ՍՊԸ-ում՝ վարչապետի հանձնարարականով:

Երկրորդ աղբյուրը՝ դեռեւս 2013թ. դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցներն են: Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կատարած ուսումնասիրությունը պարզել էր, որ Արարատյան դաշտում շահագործվող 1379 խորքային հորից  ջրօգտագործման թույլտվություն ունեն 467-ը, իսկ 912-ն՝ ապօրինի են:

Քրեական գործը հարուցվել էր Արարատի մարզում ջրօգտագործողների կողմից ստորգետնյա խորքային հորերի շահագործման ընթացքում ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանցում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Քրեական գործով անցնող ձկնաբուծարանների եւ շրջակա միջավայրի նախարարությունից մեզ տրամադրված ձկնաբուծարանների ցանկի հետ որոշ համընկնումներ կան: Սակայն ապօրինի հորեր շահագործող ընկերությունները, բացառությամբ մեկ-երկուսի, դուրս են մնացել նախարարության կոնսերվացման եւ փականային ռեժիմի բերելու աշխատանքների ցանկից:

Նախարարությունը հայտնում է, որ Արարատյան դաշտում 2019թ.-ին լուծարվել է 8 խորքային հոր՝ խնայելով 500 լ/վրկ ջուր: Խորքային հորերից 7-ը պատկանում է ձկնաբուծությամբ զբաղվող «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ին, մեկը՝ «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ին: Երկու ընկերություններն էլ վաղուց դադարեցրել են իրենց գործունեությունը:

«Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն ձկնաբուծարաններ ուներ Արմավիրի մարզի Արաքս եւ Գայ գյուղերում, Արարատի մարզի Հովտաշատ եւ Սիս գյուղերում: Հիշյալ համայնքների ղեկավարների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ընկերության ձկնաբուծարանները չեն գործում դեռեւս 2016թ.-ից: Ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն է ունեցել մինչեւ 11.09.2016թ.-ը, դրանից հետո սնանկացման գործընթացում է գտնվել: Դատարանի վճռով  2016թ. փետրվարից Արաքս համայնքում եւ Գայ համայնքի 14-րդ փողոց թիվ 10 եւ թիվ 12 հասցեներում գտնվող ձկնաբուծարանները հանձնման-ընդունման ակտով հանձնվել են «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին:

«Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ն նույնպես երկար տարիներ չի գործում:

Այս երկու ընկերություններն իրենց գործունեությունը դադարեցրել են տարիներ առաջ եւ նրանց նախկինում սպառած ջրաքանակը 2019թ.-ի ջրախնայողության ցուցանիշ չի կարող համարվել:

Կոնսերվացված խորքային հորեր

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ պետական բյուջեից հատկացված գումարով կոնսերվացրել է 43 խորքային հոր, որի արդյունքում խնայվել է 828,8 լ/վրկ ջուր: Կոնսերվացված խորքային հորերից մի քանիսի վերաբերյալ մանրամասն տվյալներ կան 2013-2016թթ.-ին քննված քրեական գործում եւ դրանով հիմնավորվում է, որ բազմաթիվ խորքային հորեր ցամաքել էին դեռեւ 2014թ.-ին եւ դրանից էլ առաջ:

Այսպես. Արմավիրի մարզի Ապագա համայնքում 5 խորքային հոր է կոնսերվացվել, որից 3-ը պատկանում է Դավիթ Հարությունյանին: Ըստ քրեական գործի նյութերի՝ Դ. Հարությունյանին պատկանող ձկնաբուծական տնտեսության տարածքում առկա է 6 խորքային հոր, որից 4-ը ցամաքած վիճակում են: Տարածքում առկա 2 խորքային հորերից մեկն օգտագործվում է մուտքի մոտ ձկան վաճառքի համար, որը ձեռք է բերվում այլ ձկնաբուծարաններից: Երկրորդ հորի ջուրը օգտագործվում է ջերմոցը ոռոգելու համար (10 հատոր, գ.թ. 27):

Նախարարությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում  կոնսերվացրել է Ֆելիքս Պողոսյանին պատկանող 3 խորքային  հոր, որի արդյունքում խնայվել է 23 լ/վյրկ ջուր: Ըստ քրեական գործի նյութերի՝ Ֆելիքս Պողոսյանի հողատարածքում առկա է 5 խորքային հոր, որոնց համար նա ջրօգտագործման թույլտվություն է ունեցել մինչեւ 26.03.2015թ.-ը: Քաղաքացու ծախսերով 1 հոր կոնսերվացվել է 2014թ.-ին, 2 հոր գտնվում է փականային ռեժիմում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձկնաբուծարանների ջրավազանները չոր վիճակում են, նա երկար ժամանակ ձկնաբուծությունով չի զբաղվել: Հորերից ջրաելք չկա:

Նախարարության ներկայացրած պետական միջոցներով կոնսերվացված խորքային հորերի ցանկում նշված է եւս մի քանի անուն, որոնք անցնում են քրեական գործով: Ըստ այդմ, Արարատի մարզի Նորամարգ համայնքում կոնսերվացվել է անհատ ձեռնարկատեր Արսեն Պետրոսյանին պատկանող 1 խորքային հոր, որից խնայվել է 120 լ/վրկ ջուր: Ըստ քրեական գործի նյութերի, Ա. Պետրոսյանին պատկանող ձկնաբուծական տնտեսությունում հայտնաբերվել է 3 խորքային  հոր, որից 2-ն՝ ապօրինի է, 1-ը՝ լիկվիդացված: Նախարարությունից քննչին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից լուծարվել է 2 խորքային հոր (հ 7, գ.թ. 38): Նշանակվել է փորձաքննություն, որի ներկայացրած հաշվարկներով, խորքային հորից ջրառ իրականացնելու թույլտվություն չունենալով, նա 2013-14թթ.-ին ջրառ է իրականացրել, որով ջրային ռեսուրսներին պատճառվել է մոտ 52 մլն դրամի վնաս:

Նախարարությունը տեղեկացնում է, որ պետական բյուջեից հատկացված գումարով կոնսերվացրել է «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ին պատկանող Արաքս (90 լ/վրկ) եւ Սիս (105 լ/վրկ) համայնքներում գտնվող ձկնաբուծարանների խորքային հորերը, յուրաքանչյուր համայնքում 2-ական հոր, որի արդյունքում խնայվել է 195 լ/վրկ ջուր: Այս ընկերությանը պատկանող եւս 1 խորքային հոր կոնսերվացվել է Գայ համայնքում: Քրեական գործի տվյալներով՝ ընկերությունը Արաքս գյուղում 3 խորքային հոր է ունեցել՝ 215 լ/վրկ ջրօգտագործման թույլտվությամբ՝ մինչեւ 11.09.2016թ.-ը, որից հետո ընկերությունը 3 հորերն էլ կոնսերվացրել է սեփական ծախսերով (հատոր 10, գ.թ.15):

Նախարարության ներկայացրած տվյալներից հավաստի կարող ենք համարել Ջրառատ համայնքում գտնվող «Կոնստանտին եւ Քույրեր» ՍՊԸ-ին պատկանող 7 խորքային հորերը կոնսերվացնելը: Սակայն դարձյալ վիճելի է «խնայված 150լ/վյրկ ջուրը» 2019-ի խնայողություններին վերագրելը: Ձկնաբուծական խոշոր տնտեսություններից «Կոնստանտին եւ քույրեր» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանը «Իրավունք» կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ ընկերությունը ՋԹ է ունեցել 8 խորքային հորի համար, որոնց շահագործման ժամկետը լրացել էր մի քանի տարի առաջ, ինքը բաց էր թողել երկարացնելու համար դիմելու ժամկետը: Ընկերության ղեկավարը հայտնել է, որ նախարարությունը մերժել է նոր ՋԹ տրամադրել՝ ասելով, որ Արմավիրի մարզում ջրի սակավության պատճառով  այլեւս նոր ՋԹ չի տրամադրում ձկնաբուծարաններին: Հայտնել է, որ 2000թ.-ին հիմնադրված տնտեսությունում 3 մլն դոլարի ներդրում է արել եւ 12,5 հեկտար ձկնաբուծարան է հիմնել, հիմա կանգնել է փակվելու վտանգի առաջ:

Փականային ռեժիմի բերված խորքային հորերը

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ 8 ձկնաբուծարաններում 20 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայել է 1248 լ/վյրկ ջուր: Ներկայացնենք երկու ընկերություններ, որտեղ, նրանց ասելով՝ անհամեմատ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել:

Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում գտնվող «Գոլդեն Ֆիշ-Կ» ՍՊԸ-ում փականային ռեժիմի է բերվել 6 խորքային հոր, որից խնայվել է 352 լ/վրկ ջուր:

Զորակ համայնքում գտնվող «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ի 4 խորքային հորը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 491 լ/վրկ ջուր:

Պարզվում է, այս տվյալն էլ հավաստի չէ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. ձեռքբերումների մեջ նշել էր նաեւ Արարատյան դաշտում 13 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայված շուրջ 880 լ/վրկ ջուրը: «Փաստերի ստուգման հարթակ»-ին Ջրային կոմիտեն պատասխանել էր, որ 2019թ.-ին ոչ մի խորքային հոր չի բերվել փականային ռեժիմի։ Իսկ 2020-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս տարի խնայվել է շուրջ 500 լ/վրկ ջուր։ 

Վարչապետի հայտարարությունից 1,5 ամիս անց շրջակա միջավայրի նախարարի հայտարարած՝ խնայված ջրի քանակը էականորեն քիչ է վարչապետի հայտարարած թվից։ Նախարարությունից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ միայն  491 լ/վրկ ջուր խնայվել է «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ի 4 խորքային հորը փականային ռեժիմի բերելու արդյունքում: Հնարավո՞ր է, որ մյուս ձկնաբուծարանների մասով ներկայացված խնայված ջրի ծավալները նախարարն էլ հավաստի չի համարում:

Բնապահպանության նախարարությունը դեռեւս 2017թ.-ին էր հայտարարել, որ փականային ռեժիմի են բերվել «Գոլդեն Ֆիշ-Կ» ՍՊԸ-ի  ձկնաբուծարանների խորքային հորերը եւ խնայվել է 299 լ/վրկ ջուր:  «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում կատարված աշխատանքի արդյունքում խնայվել է 229 լ/վրկ ջուր: Եթե «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում 2017թ.-ին փականային ռեժիմի բերելու աշխատանքներ, իրոք, իրականացվել էին, ուրեմն ինչպե՞ս է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2019թ.-ին ստուգումներ իրականացնելուց հետո խախտումներ արձանագրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշ» եւ «Մերի ֆիշ» ձկնաբուծական տնտեսություններում:

«Մխչյան ֆիշ» ընկերության  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գնահատվել է 585 169 920 դրամ: «Մերի ֆիշ» ընկերությանը՝ հաշվարկվել է 64 722 240  դրամ: Ընկերությունները դիմել են վարչական դատարան՝ որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջով:

Նշենք, որ 2013-18թթ.-ին, քրեական գործի քննության ընթացքում Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ձկնաբուծական տնտեսությունները դուրս էին մնացել քննության շրջանակից:

2019թ. ընթացքում խորքային հորերը փականային ռեժիմի բերման արդյունքում խնայված ջրաքանակի վերաբերյալ

Որտե՞ղ փնտրել իրական ջրակորուստները

Արարատի մարզում ջրօգտագործողների կողմից ստորգետնյա խորքային հորերի շահագործման ընթացքում ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2013թ. սեպտեմբերի 6-ին կայացած խորհրդակցությունից հետո:  Խորհրդակցության արձանագրության հանձնարարականների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է խորքային հորերի շահագործման ոլորտը:

Պարզվել էր, որ ՀՀ-ում օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խմ, մինչդեռ միայն Արարատի մարզում 2013-14 թթ.-ին, ըստ ՋՌԿԳ-ի տվյալների, տրվել է ընդհանուրը 1 061 482 893 խմ տարի ծալով ՋԹ:

Քննությունը պարզել էր, որ նույնիսկ ՋԹ ունեցող ձկնաբուծական տնտեսություններում առկա է թույլատրված չափաքանակից ավելի, որոշ դեպքերում կրկնակի ջրառ: «Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկնաբուծական նպատակով հորատված որոշ հորատանցքերի կառուցվածքները արհեստականորեն մեծացված են, որի հետեւանքով ստացված ջրաելքերն զգալիորեն գերազանցում են ՋԹ-ով տրամադրված ջրաքանակը: Նախկինում 2-րդ ջրատար հորիզոնից ջրառը կատարվում էր 168 մմ եւ 2019 մմ տրամագծի խողովականերով, իսկ այժմ միայն 300-400 մմ տրամագծի խողովականերով (հատոր 5, գ.թ. 46)»,- նշվում է քրեական գործում:

Նույն պնդումն այսօր էլ անում են շատ ձկնաբույծներ, սակայն խնդրելով անանուն մնալ: Անդրադառնալով նախարարության ջրի խնայողության ուղղությամբ նախաձեռնված աշխատանքներին, երբ որոշ ընկերություններում հորերը կոնսերվացնելու արդյունքում անգամ 0,5 լ/վրկ ջրի խնայողություն է ցույց տրվում, հայտնեցին, որ «ձեւական ցուցանիշներ» գրանցելու  նպատակը իրականությունը կոծկելն է: Ջրակորուստներն այլ տեղում են՝

ա/ խոշոր ձկնաբուծարանները հորատանցքերը 19 սմ տրամագծով հորատելու փոխարեն, 250-500 սմ են հորատում: Խոշոր տրամագծով խողովակները թաքցնում են ավազանների հատակում եւ վրան ծածկում բետոնով:

բ/ Կառավարությունը վերանայել է ձուկ արտադրելու համար ՋԹ նորմատիվները, սակայն խոշոր ձկնաբուծարաններին բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տրամադրած ՋԹ ծավալներն այսօր էլ չեն վերանայվում ըստ նոր նորմատիվների: Խոշոր ձկնաբուծարանները ցույց են տալիս, որ իրենք սահմանված քանակի ձուկ են արտադրում եւ այդ չափով ջուր են պահանջում: Մինչդեռ, փոքր ձկնաբուծարաններից ձուկը գնում են եւ փաստաթղթերով որպես սեփական արտադրանք են ցույց տալիս:

Ստացվում է, որ նախարարությունը միեւնույն քանակի ձուկ աճեցնելու համար երկու անգամ է ջուրթույլտվություն տրամադրում՝ մեկը փոքր ձկնաբուծարանին, մյուսը՝ խոշորին՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Ձկնաբույծները ձգտում են հնարավորինս շատ ջուր ստանալ, որովհետեւ ջրի առատության պայմաններում ձուկը քիչ է հիվանդանում, թթվածնի հոսքն ապահովվում է, ձմռանը ջուրը չի սառչում, ամռանն էլ չի ճահճանում:

Նախարարությունը տվյալներ չի ներկայացրել, թե 2019թ.-ին կոնսերվացված խորքային հորերից քանիսն էին ապօրինի շահագործվող: Քրեական գործում 912 ապօրինի հոր է ներկայացվում: Նախաքննության շրջանակում տեղազննություն է կատարվել Արարատի մարզի տարածքում գործող մի քանի խոշոր ձկնաբուծարաններում՝ «Ալեքս Գրիգ», «Ռապս», «Էկոֆիշ թրեյդ», «Յունիֆիշ» եւ այլ ընկերությունների ու անհատ ձեռներեցների պատկանող ընկերություններում, արձանագրություններ են կազմվել ապօրինի շահագործվող խորքային հորերի վերաբերյալ:

Մասնավորապես, Արարատի մարզի Սիս համայնքում գտնվող գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի ձկնաբուծական տնտեսությունում (ներկայումս՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ) տեղազննություն է կատարվել է 2014թ. փետրվարին եւ արձանագրվել է հետեւյալը. «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի ձկնային տնտեսությունում մուտքից աջ, շինության վերջնամասում գնտնվում է թիվ 1 հորը, որի վրա տեղադրված է 300 մմ տրամագծով խողովակ, առկա է փականը, որը գտնվում է բաց վիճակում, ջրաչափը  բացակայում է: Թիվ 7, 8, 9, 10-ը հորատանցքերը նույնպես ինքնաշատրվանող են:

Ձկնաբուծարանի գլխավոր մասնագետ Մովսես Առաքելյանը հայտարարեց, որ հորատանցքերի վրա տեղադրված ջրաչափերը հանվել են դրանցում ավազային խցանումների հետեւանքով: Ներկայացրեց «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից 2013թ. ընթացքում կատարված 3 ուսումնասիրությունների եզրակացությունների հորատանցների թույլտվության փաստաթղթերի պատճենները, որտեղ գրված է, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի ձկնաբուծական տնտեսությունում առանց թույլտվության հորատանցքեր չեն հայտնաբերվել: Սակայն, փաստաթղթերում նշված է 5 հորատվող հոր, փաստացի նա ունեցել է 10-ը ...» (հատոր 1-ին գ.թ. 202-206):

Նախաքննությունը տեղազննությամբ արձանագրելով, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն Սիսում շահագործում է 10 խորքային հոր, որից 5-ի համար ՋԹ ունի եւ հորերից ոչ մեկը ջրաչափ չունի, հետագա քննչական գործողությունների ժամանակ այլես չի անդրադառնում Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծարանին: Ի տարբերություն մյուս մեծ ու փոքր ձկնաբուծական տնտեսությունների, որոնցից շատերի անօրինական հորատված հորերից ջրօգտագործման ծավալների հաշվարկ է կատարել Փորձաքննությունների ազգային բյուրոն:

2016թ. դեկտեմբերին քրեական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ «քանակական առումով թույլատրելի ջրառ է, որով էական վնաս չի պատճառվել ընդերքում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին»: 2018թ. հունիսին, հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քրեական գործը վերաբացվել է, եւ հսկող դատախազը պարզել է, որ քննությունը թերի է կատարվել, չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքեր: Փորձաքննություններ են նշանակվել մի քանի սուբյեկտներում պարզելու համար, թե յուրաքանչյուրը որքան վնաս է պատճառել ջրային ռեսուրսներին խորքայի հորերն ապօրինի շահագործելու արդյունքում: Որոշվել է յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը:

Քրեական գործի վարույթը կրկին կարճվել է 2019թ. դեկտեմբերին եւ որոշումն ուղարկվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որպեսզի պատճառված վնասը վերականգնի դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելով:

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ներկայիս «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին չեն անդրադարձել ոչ 5 ապօրինի խորքային հորերը լուծարելու, ոչ օրինական 5 հորերը փականային ռեժիմի բերելու, ոչ էլ անօրինական շահագործվող խորքային հորերից կատարված ջրառի համար վնասի հաշվարկ է կատարվել:

 

  • Կիսվել: