շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի տնտեսվարողներին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի տնտեսվարողներին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Տրամադրված տեխնիկան ներառել է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր, տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ Վերջերս ՊԳԿ-ի նախաձեռնությամբ սույն ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ, ինչին միտված է այս աջակցությունը։

Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին․ տրամադրված տեխնիկայի ցուցակը կազմվել է Տեղական ակտիվ խմբերի կողմից։ Վերջիններս գյուղական զարգացման մարմիններ են, որոնք ստեղծվել են վերոնշյալ ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կհանձնվեն տեղի համայնքապետարաններին՝ նրանց կողմից կառավարման համար և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։

Իջևանում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզերի բնակավայրերի ղեկավարներ և այլք։

  • Կիսվել: