ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատարն այցելել է Տավուշի մարզ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատարն այցելել է Տավուշի մարզ

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով Տավուշի մարզում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։ Այդ մասին ասված է Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ Լիլա Փիթրսը այցելել է Թեղուտի դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել արևային կայաններում՝ օգնելով դպրոցին խնայելու էլեկտրաէներգիայի ծախսերը։

Հիդրոպոնիկ ջերմատունը ոչ միայն նպաստում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, այլև ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը այցելել է նաև մարզի առաջին ամբողջահատիկ ցորենի ալրաղաց և մոտակա հացաբուլկեղենի արտադրամասեր, որոնք արտադրում են ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց՝ երեխաներին հնարավորություն տալով սննդարար հաց ուտել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շրջանակում։
 
Տիկին Փիթրսը մարզպետի և մարզպետի տեղակալի հետ ունեցած զրույցի ընթացքում ընդգծել է ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: