Լուրջ մի ընդունեք, իրենք արդեն ՀԷՑ–ը գցել են իրենց ոտքերին. Սամվել Կարապետյան
Լուրջ մի ընդունեք, իրենք արդեն ՀԷՑ–ը գցել են իրենց ոտքերին, դուք երևի դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ ՀԷՑ–ի պետականացման գործընթացն արագ առաջ է ընթանում, հուլիսին հանրային գերակա շահ են ճանաչելու և փոխհատուցման հարցն են լուծելու։
«Իրենք շատ ուրախ կլինեին հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին»,– ասաց նա։
Հարցին՝ իշխանափոխությունը ի՞նչ ժամկետում եք պատկերացնում, Սամվել Կարապետյանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ես իմ ժամկետները ունեմ, որոնք հիմա չեմ ասի։ Դուք դա բոլորդ կտեսնեք հերթով»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Կիպրոսի քաաղաքացիություններից հրաժարվելուն, Սամվել Կարապետյանն ասաց. «Գործնական փուլ մտել է, հիմա այդ փուլում է»։
Դիտարկմանը, որ ինքը Ֆրանսիայում իր դեմ հայցի շրջանակներում ներկայանում է որպես ՀՀ քաղաքացի, Ստոկհոլմում հայցի շրջանակներում ներկայանում է որպես Կիպրոսի քաղաքացի, Հայաստանում էլ քրեական գործով է անցնում ու երեք երկրի քաղաքացիությունով է ներկայանում, արդյոք դա կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար, Սամվել Կարապետյանն ասաց. «Իհարկե չի հանդիսանա»։
Անդրադառնալով իր նմատմամբ հարուցված քրեական վարույթին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն ասաց. «Ես կարգավիճակ չունեմ, ես ընդամենը ապօրինի կալանավորված մարդ եմ, գալիս եմ դատարան, դուք տեսնում եք։ Քանի այդ կարգավիճակում եմ, ձեզ հետ առիթ ունենում ենք շատ շփվենք։ Դրանից հետո շատ բաներ դուք կտեսնեք»։


