ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև ամառ

Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև ամառ

 Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը կավարտվի մինչև ամառ, աշխատանքների հիմնական մասն ավարտված է, կառուցվող ճանապարհներին նախատեսվում է տալ հանրապետական նշանակության ճանապարհի կարգավիճակ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ շատ քաղաքացիներ, որոնք տեղյակ են, որ ճանապարհը անցանելի է գրեթե բոլոր մեքենաների համար, երբեմն սկսել են այս հատվածով երթևեկել:

Նաև իրավաբանական գործընթաց կա, որ այս նոր կառուցվող ճանապարհներին տրվի հանրապետական նշանակության ճանապարհների կարգավիճակ և լինեն սպասարկող ընկերություններ:

«Ճանապարհը նախատեսված է, որ Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհն ավելի հեշտ անցնի, Սիսիանից միանգամից դեպի Տաթև գյուղ դուրս կգանք: Իսկ գլխավոր դժվարությունը Տաթևի ոլորաններն էին»,-նշեց Սանոսյանը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, և կարողանանք այս տարի ունենալ շինարարական ընկերություն, 5-6 տարի պետք է կառուցվի: Իրանի հետ բավականին լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք: Եվ կարծում ենք, որ այս ճանապարհն այս առումով գործը բավականին կհեշտացնի և կնպաստի երկու երկրների փոխգործակցությանը»,-ասաց նախարարը:

Այսպիսով` կառուցվող ճանապարհների շինարարության հիմնական մասն ավարտված է, մինչև ամառ մնացած աշխատանքները կավարտվեն: Այս պահին էլ որոշ հատվածներում միայն կահավորման աշխատանքներ են մնացել:

  • Կիսվել: