երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լաստանավային ուղին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև չի գործում նիդեռլանդական օպերատորի պատճառով. Խոջոյան

Լաստանավային ուղին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև չի գործում նիդեռլանդական օպերատորի պատճառով. Խոջոյան

Վրացական Փոթի նավահանգստի նիդեռլանդական օպերատորը դեռ չի կարողանում համաձայնեցնել հայկական ապրանքների համար լաստանավային անցման մեկնարկը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում էր ամռանը կանոնավոր լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սևծովյան «Փոթի» նավահանգստի ու ռուսական «Կովկաս» նավահանգստի միջև Ազովի ծովով (Կրասնոդարի երկրամաս): Երթուղին կոչված է այլընտրանք դառնալ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետով փոխադրումներին։

«Այս նախագիծը շատ կարևոր է մեզ համար ինչպես Հայաստանից Ռուսաստան այնպես էլ հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման համար։ Բայց քանի որ Վրաստանում Փոթի նավահանգստի կառավարումն իրականացնում է նիդեռլանդական ընկերությունը, նրանք այժմ որոշակի խոչընդոտներ են ստեղծում», - ասել է Խոջոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այժմ Փոթի նավահանգստի մենեջմենթի հետ է կապված։ Խոջոյանը նշել է, որ երթուղին պետք է վաղուց աշխատեր։

Նա ավելացրել է, որ կողմերը փորձում են լուծել վիճելի հարցերը, և բանակցություններն այժմ շարունակվում են։

Ավելի վաղ Խոջոյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Երևանը կցանկանար ավելացնել խաղողի գինու մատակարարումները Ռուսաստան:

  • Կիսվել: