շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կստեղծվի հնարավորություն առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի լուծելու ոչ հիմնական շինությունների հետ կապված խնդիրները

Կստեղծվի հնարավորություն առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի լուծելու ոչ հիմնական շինությունների հետ կապված խնդիրները

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար:

Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածներով նախատեսված մեխանիզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում: Մինչդեռ, ակնհայտ է, որ նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմի նախատեսումը կարևոր է և ժամանակի և միջոցների խնայողության տեսանկյունից:

Այս նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ապամոնտաժել սեփականատիրոջ հողամասում տեղակայված շարժական գույքը:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան լուծել ոչ հիմնական շինությունների հետ կապված խնդիրները: Իրավակարգավորումների ստեղծումից հետո կառավարության որոշմամբ արդեն մանրամասն կկարգավորվեն անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման հարցերը:

  • Կիսվել: