երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելումը՝ ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստանում անշրջելի իրողություն. հանձնաժողովը տոնեց 4-ամյակը

Կոռուպցիայի կանխարգելումը՝ ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստանում անշրջելի իրողություն. հանձնաժողովը տոնեց 4-ամյակը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեության 4-ամյակը նշեց հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նոյեմբերի 15-ին կազմակերպված հանդիսությանը հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց՝ չորս տարին իրենց համար մաքառումների, ձեռքբերումների և հաջողությունների տարիներ են: «Այսօր արձանագրում ենք, որ կոռուպցիայի կանխարգելումն ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստանի Հանրապետությունում այսուհետ անշրջելի իրողություն է: Այն աշխատանքն ու ներուժը, որ ներդրվել են այս չորս տարվա ընթացքում պետական մարմնի ձևավորման վրա կոնկրետ ոլորտներում՝ և՛ ներպետական, և՛ միջազգային մակարդակներում հաջողություններ գրանցելու համար, անհնարին կլիներ առանց այն համայնքի, անհատների և այն ուժերի հետ համագործակցության, որոնք ներկա են միջոցառմանը»,-ասաց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ հյուրերի մեծ մասն առնչություն ունի հանձնաժողովի իրական  բովանդակային ու ամենօրյա աշխատանքների հետ: Նրանք հանձնաժողովի աշխատանքներին առնչվել են հենց 2020 թվականից: Նաև նրանց աջակցությամբ է հանձնաժողովն արատավոր երևույթի՝ կոռուպցիայի նկատմամբ զգայունություն, բացասական վերաբերմունք ձևավորել:

Արդարադատության  նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էլ հիշեցրեց՝ ՀՀ կառավարությունը 2018 թվականից ի վեր որդեգրել է կոռուպցիայի դեմ  անշեղ պայքարը որպես իր քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչը շարունակաբար իր ամրագրումն է ստացել ՀՀ կառավարության գործունեության ծրագրերով և վերափոխման հայեցակարգերով:

Կարապետյանի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ամենահիմնարար  ուղղություններից մեկը դրա կանխարգելումն է, ինչը նյութականացվել է նաև վերջին երկու հակակոռուպցիոն պետական ռազմավարությունների շրջանակներում: «Այս կարևորագույն  կանխարգելման  համակարգի կենտրոնում թերևս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, և այն հանդիսանում է դրա հենասյունը: Հենց այս նկատառումով կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել  հանձնաժողովի՝ որպես  համապատասխան անկախության երաշխիքներով օժտված գործերի կանխարգելման մասնագիտացված ինքնավար մարմնի ձևավորման, կայացման, ապա ինստիտուցիոնալ հետագա զարգացման կանխարգելման գործիքների զարգացման և արդիականացման գործում»,-ասաց փոխնախարարը:

Կարապետյանը շեշտեց՝ 2019-2022 թվականների օրենսդրական բարեփոխումների արդյունքում էականորեն ընդլայնվել են հանձնաժողովի իրավասությունների շրջանակն ու գործիքակազմը՝ շարունակաբար համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին: «Հանձնաժողովին են վերապահվել բարեվքարության ուսումնասիրության,  անհամատեղության պահանջների, այլ սահմանափակումների կիրառման ապահովումը, վարքագծի տիպային կանոնակարգերի ընդունումը, հաշվառման և կառավարման վերահսկումը, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկումը և մի շարք այլ գործառույթներ»,-նշեց նա և հավելեց՝ զգալի զարգացում է ապրել հանձնաժողովի կանխարգելման գործիքների թվայնացման գործընթացը:

Կարապետյանի խոսքով՝ հանձնաժողովի չորս տարվա գործունեությունը և շարունակական զարգացումն արդեն իսկ գրանցել են շոշափելի արդյունքներ, որոնք բարձր են գնահատվել նաև միջազգային գործընկերների՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի և դրա մոնիթորինգային մարմինների և Տնտեսական համագործակցության  զարգացման  կազմակերպությունների կողմից»,-եզրափակեց փոխնախարարը:

Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան դիտելու փոքր ֆիլմ, որը պատմում էր հանձնաժողովի ձևավորման, կատարած աշխատանքի մասին:

  • Կիսվել: