կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ

Կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ

Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ 2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր կներկայացնեն վարձու աշխատող համարված այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ են ստացել:

2025 թ. հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները:

Փոխնախարարի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած փոփոխությունների հիմքում հարցի վերաբերյալ աշխատանքային մի շարք քննարկումների և խորհրդարանական լսումների ժամանակ կատարված բանավոր և գրավոր առաջարկություններն են: Հստակեցվել են որոշակի դրույթներ: Համակարգի ներդրման 3-րդ փուլում միայն հայտարարագիր կներկայացնեն նոտարներն ու ՀՀ ռեզիդենտ համարվող բոլոր քաղաքացիները, ինչպես նաև դրսից եկամուտներ ստացողները: Անչափաս անձինք ընդհանրապես չեն ներկայացնի հայտարարագիր:

Արման Պողոսյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում ներդրվել է պատասխանատվության նախազգուշացման ինստիտուտ: Նվազեցվել է հայտարարագիր չլրացնելու համար նախատեսված տուգանքի չափը. այն կկազմի 50 հազար դրամ: Իսկ շարունակական խախտում թույլ տվողների տուգանքի չափը 100 հազար դրամ է: Ըստ նրա՝ ծախսերն ու գույքը չեն հայտարարագրվի, միայն եկամուտներն են ենթակա հայտարարագրման: Նոր փոփոխությամբ հաշվետու տարվա մասին հայտարարագիր պետք է ներկայացվի ոչ թե մինչև ապրիլի 20-ը, այլ մինչև մայիսի 1-ը:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով հայտարարագիր ներկայացնելու համար բոլոր քաղաքացիները պատշաճ կծանուցվեն: «Առանց իրազեկվածության որևէ մեկը չի ենթարկվի պատասխանատվության»,- ասել է Արման Պողոսյանը:

Պատասխանելով հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի շքեղության հարկի վերաբերյալ հարցին՝ Արման Պողոսյանը նշել է, որ շատ երկրներում է գործում այդ հարկատեսակը, սակայն գործիքակազմի բացակայության պատճառով այն չի կիրառվում մեր երկրում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով հարցի քննարկումներին մասնակցած բոլոր կողմերին, փաստել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել է օրենսդրական հսկայածավալ աշխատանք: Նա ընդգծել է պատասխանատվության չափի նվազեցման կարևորությունը:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է մարդկային կապիտալի խթանումն ու զարգացումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաև նույնանուն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:

Առաջարկվում է սահմանել «ապրանքների էլեկտրոնային առևտուր» և դրան առնչվող «առևտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունները:

Կսահմանվեն նաև ԵՏՄ անդամ պետություններից էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված և ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով էլեկտրոնային առևտրի հարթակից ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու մասով կարգավորումներ:

Գործող Հարկային օրենսգրքով 2019 թ. հուլիսի 1-ից ձեռնարկատիրական գործունեության առարկա է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե այն օտարվել է ձեռքբերելուց հետո 365 օրվա ընթացքում, իսկ եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր բովանդակությամբ՝ այն է. «Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում հաշվառումից հանելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ չափով՝ ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից»:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ ավտոմեքենայի օտարման դեպքում գանձվող եկամտային հարկը կփոխարինվի պետական տուրքով՝ այն վերապահելով ՀՀ ոստիկանությանը, ինչը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա և կպարզեցնի 365 օրվա ընթացքում ավտոմեքենան օտարելու գործընթացը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական և խմբագրական առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

  • Կիսվել: