հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կներդրվի բուժաշխատողների լիցենզավորման համակարգ

Կներդրվի բուժաշխատողների լիցենզավորման համակարգ

Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար բուժաշխատողներին կտրվի անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Համակարգը ներդրվում է՝ բուժաշխատողների գիտելիքների ու հմտությունների բարելավման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման և բուժառուների անվտանգության ապահովման նպատակով:
 
Անհատական լիցենզիան կտրվի ավագ բուժաշխատողներին` բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա` կենտրոնացված քննության արդյունքում:
 
Անցումային անհատական լիցենզիան կտրվի կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց` կենտրոնացված քննության արդյունքում:
 
Անհատական լիցենզիան կտրվի 5 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ:
 
Բացի այդ, կվերանայվի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկը` ստեղծելով իրավական հիմք հետագայում առողջապահական ոլորտի համապատասխան հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումներով կադրերի պատրաստման համար:
 
Անցումային անհատական լիցենզիա բուժաշխատողները պետք է ստանան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, իսկ անհատական լիցենզիա ավագ բուժաշխատողները պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

  • Կիսվել: