հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպանդանոցում հայտնաբերված խախտումների դեպքում հնարավոր կլինի նաև կասեցնել տնտեսվարողի գործունեությունը. նախագիծ

Սպանդանոցում հայտնաբերված խախտումների դեպքում հնարավոր կլինի նաև կասեցնել տնտեսվարողի գործունեությունը. նախագիծ

Եթե վերահսկողության արդյունքում սպանդանոցում հայտնաբերվեն խախտումներ, տնտեսվարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել, իսկ եթե 6 ամիս շարունակ գործունեություն չի իրականացվում, հնարավոր կլինի նաև դադարեցնել սպանդանոցի գործունեությունը: Այս մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 9-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաև առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն ընդունելու համապատասխան իրավական ակտերը»,- ասաց նախարարի տեղակալը և պարզաբանեց, որ վերահսկող լիազոր մարմինը նախկինում խախտումներ հայտնաբերելիս չէր կարող կասեցնել սպանդանոցի գործունեությունը, դրանով է պայմանավորված իրավական նոր կարգավորումը:

Նախատեսվում է նաև կենդանիների առողջության և մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանելու նպատակով պարտավորեցնել ոլորտի տնտեսվարողներին անասնաբուժական ծառայությանը ներկայացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին տեղեկատվություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց՝ սպանդանոցային տնտեսությունների ստեղծման պետական ծրագիրը թերի իրականացվեց, և դա ակներև է տեղերում: Մարզերում, գյուղերում մարդիկ խուսափում են միսը սպանդանոցի միջոցով հանել վաճառքի, վաճառողներն էլ խուսափում են սպանդանոցից վերցնել միսը, ծառայությունների մատուցման մի շարք խնդիրներ կան:

«Ձեր բերած նախագիծը, իհարկե, անհրաժեշտ է, բայց պետք է լրիվ այլ փոփոխությունների ենթարկել, թե չէ, այս ոլորտը չի կարգավորվելու»,- ասաց պատգամավորը և առաջարկեց խրախուսական նորմեր սահմանել սպանդանոցներից օգտվողների համար, օրինակ՝ ազատել նրանց հարկերից, տուրքերից:

Այս համատեքստում նախարարի տեղակալը տեղեկացրեց՝ այս պահին քննարկվում է սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է հաշվարկել ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմ ԱԱՀ-ի դաշտում գործող սպանդանոցային ծառայություն մատուցողների համար, որոնք ֆերմերային տնտեսություններից գնում են կենդանիների մորթից ստացված մսեղիքը:

  • Կիսվել: