ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կկանոնակարգվի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը. փոխադրավարձը կսահմանվի առանց մրցույթի

Կկանոնակարգվի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը. փոխադրավարձը կսահմանվի առանց մրցույթի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ։

Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։ Առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ։

Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։

Փոխադրավարձի վերանայման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է ՀՀ կառավարությունը։

Բացի այդ, վերանայվում է բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը։

  • Կիսվել: