ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Խոշոր հարկատուների ցանկն արտացոլում է Հայաստանի տնտեսությունում առկա պատկերը. տնտեսագետ

Խոշոր հարկատուների ցանկն արտացոլում է Հայաստանի տնտեսությունում առկա պատկերը. տնտեսագետ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, ինչն, ըստ Պետեկամուտների կոմիտեի, 85 միլիարդ 670 միլիոն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Տնտեսագետ Արմեն Քթոյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վճարված հարկերի ավելացումն, ըստ էության, բխում է տնտեսական աճի արձանագրված ցուցանիշից:

Նա գտնում է, որ հավաքագրված հարկերի մեկամյա կտրվածքով աճը ներառում է գնաճի, տնտեսական ակտիվության, գործարար ակտիվության, ինչպես նաև չգրանցված տնտեսության ծավալի կրճատման էֆեկտների հանրագումարը: Տնտեսագետի գնահատմամբ՝ տոկոսային առումով առկա է վճարված հարկերի նորմալ աճ, որը բխում է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշից:

Անդրադառնալով 1000 հարկատուների ցանկի առաջին տասնյակին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ամենավերին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության հայտնվելը պայմանավորված է այն գործոնով, որ տվյալ կազմակերպությունը Հայաստանից բջջային հեռախոսներ է վերաարտահանում Ռուսաստան, ինչն էլ հանգեցրել է նրա տնտեսական ցուցանիշների աճին: Ընկերությունն այս տարի արդեն 32 մլրդ 919 մլն 577 հազար դրամի հարկային պարտավորություն է կատարել:

Առհասարակ, ըստ Արմեն Քթոյանի, յուրաքանչյուր ընկերության պարագայում կան որոշակի կոնյուկտուրային փոփոխություններ, որոնք նպաստել են աճին, հետևաբար՝ նաև վճարված հարկերի ավելացմանը:

«Օրինակ, երկրորդ տեղում գտնվող «Գրանդ Տոբակո»-ն 30 տոկոսով ավելացրել է վճարված հարկերի ծավալը, որը գերազանցել է 30 միլիարդ դրամը: Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ոլորտն աճել է մոտ 70 տոկոսով, իսկ «Գրանդ Տոբակո»-ն թռիչքային աճ ունի: Նմանապես շուրջ 11.4 մլրդ հարկային վճարումներով 8-րդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը»,- ասաց տնտեսագետը:

Նա ուշադրություն հրավիրեց 4-րդ և 5-րդ տեղերում համապատասխանաբար «Արդշինբանկ»-ի և «Ամերիա» բանկի գտնվելուն: Ըստ Արմեն Քթոյանի՝ դրանցից առաջինը գրեթե քառապատկել է վճարած հարկի ծավալը՝ այն հասցնելով մոտ 27.9 միլիարդ դրամի:  

Տնտեսագետը հայտնեց, որ «Արդշինբանկ»-ը ժամանակին շատ արդյունավետ է օգտագործել Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների հաստատվելու հանգամանքը և, ներգրավելով ոչ տոկոսային եկամուտներ, այսօր ունի չբաշխված շահույթի նշանակալի ծավալ, որը հնարավորություն է տալիս նպաստավոր դիրքերից հանդես գալ տարբեր ուղղություններով: Օրինակ, փորձել ներգրավել առավել մրցունակ կադրերի, ավելի մրցակցային դիրքերով ներկայանալ վարկային և ավանդային շուկաներում: Նշվեց, որ այս բանկը գեներացրել էր Հայաստանի ամբողջ բանկային համակարգի շահույթի 30 տոկոսը և պահպանում է իր դիրքը: 

Թվային ծառայությունների մատուցման, թվային բիզնեսում մասնագիտացող «Դիջիթեյն» ընկերության վճարած հարկերի ծավալն, Արմեն Քթոյանի ներկայացմամբ, աճել է 5 մլրդ դրամով: 

«Տասնյակում որևէ ընկերության հայտնվելը կամ դիրքի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել տվյալ բիզնեսի կամ ոլորտի առանձնահատկություններով, հայաստանյան բիզնեսի կառուցվածքային որոշակի փոփոխություններով, աշխարհաքաղաքական պրոցեսներով: Ընդհանուր առմամբ, խոշոր հարկատուների ցանկն արտացոլում է Հայաստանի տնտեսությունում առկա պատկերը»,- գտնում է Արմեն Քթոյանը: 

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում հարկային մարմին վճարվել է ավելի քան 819 միլիարդ 419 միլիոն դրամ՝ 53 միլիարդ 271 միլիոն դրամով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մաքսային մարմին է վճարվել ավելի քան 166 միլիարդ 651 միլիոն դրամ, ինչը 32 միլիարդ 398 միլիոն դրամով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչո՞վ է պայմանավորված այս անհամաչափությունը:

«Եթե փորձենք ավելի չեզոք դիրքից նայել, ապա հարկային մարմնի հավաքագրած գումարը նախորդ տարվա համեմատ իսկապես ավելացել է, բայց 80-85 տոկոսով պահպանվել է պետական բյուջեի հարկային մուտքերի և վճարների այն կառուցվածքը, որն, ըստ հարկային և մաքսային մարմինների, եղել է նախորդ 5-10 տարիներին: Այսինքն, սա ավելի շատ բխում է օրենսդրության առանձնահատկություններից: Սակայն, կրկնեմ, արագ աճը կամ նվազումը կարող է պայմանավորված լինել շուկայի այնպիսի գործոնների ազդեցությամբ, որոնք դիտվել են վերջին 2-3 տարիներին: Ըստ այդմ՝ նախորդ տարի ունեինք 10 տոկոսային կետով նվազում, իսկ այս տարի՝ աճ»,- ներկայացրեց Արմեն Քթոյանը:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության նվազումն, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է ոսկու վերաարտահանման գործոնի ազդեցության շեշտակի կրճատմամբ:

«Այդ գործոնը սպառեց իրեն: Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 2.5 անգամ, ինչը մեծապես պայմանավորված է ոսկու ներմուծման ծավալների անկմամբ: Նույն պատճառով Հայաստանից ԱՄԷ արտահանումը, որը մի պահ կազմում էր մեր երկրի արտահանման ծավալի ավելի քան 45 տոկոսը, հիմա 5 անգամ նվազելով՝ վերադարձել է բնականոն վիճակին:

Արդյունաբերությունում հիմնական մետաղների արտադրությունը նույնպես նվազել է 5 անգամ: Այստեղ ևս դեր ուներ ոսկու գործոնի վիճակագրությունը: Այսինքն, այդ վերաարտահանումը ժամանակին բազմապատիկ աճ էր ապահովում բոլոր ուղղություններով: Հիմա ունենք համարժեք նվազում»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա դիտարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեության մյուս ուղղություններում, ըստ էության, դեռևս չունենք որակական տեղաշարժ:

«Շատ ենք խոսում դիվերսիֆիկացիայի, նոր շուկաներ յուրացնելու մասին, բայց դա բավականին բարդ գործընթաց է: Թեպետ կառավարությունն ընդունել է համապատասխան ռազմավարություն, բայց պետք է հասկանալ, որ արտահանելը միայն ապրանքը տարբեր շուկաներ հասցնելը չէ՝ պետք է ձգտել նաև ավելի մրցունակ տնտեսություն ձևավորել, խթանել արտադրության արդիականացումը և ստեղծել այնպիսի արտադրանք, որն ավելի կհեշտացնի նոր շուկաների յուրացումը: Այս ամենը պահանջում է համալիր գործողություններ՝ միտված ենթակառուցվածքների արդիականացմանը, ինստիտուտների բարեփոխմանը և տեխնոլոգիական վերազինմանը: Վերջինի առումով, անշուշտ, որոշակի առաջընթաց կա, բայց այն թռիչքային չէ, դեռևս մնում են թվայնացման խնդիրներ ունեցող ոլորտներ: Միշտ էլ կա բարելավման և ներուժի ընդլայնման հնարավորություն: Միայն այդ պարագայում կարող ենք ակնկալել, որ մեր արտաքին տնտեսական գործունեության կառուցվածքը անշեղորեն կզարգանա ցանկալի ուղղությամբ»,- նշեց Արմեն Քթոյանը:

 

  • Կիսվել: