ՔՊ-ն ու կառավարության ներկայացուցիչները լքել են արցախցիների խնդիրների վերաբերյալ քննարկումը, երբ հնչել են Արցախի պետական մարմինների անունները
ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկում, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Արցախի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները: Հայտնում է Ազատությունը։
Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։
Քննարկման մեկնարկից մոտ 20-30 րոպե անց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Որպես հեռանալու պատճառ նրանք նշեցին քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։



