երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղային ոլորտում իրավահարաբերությունները կկարգավորվեն, շահումով խաղերի տեսակները կհստակեցվեն. նախագիծ

Խաղային ոլորտում իրավահարաբերությունները կկարգավորվեն, շահումով խաղերի տեսակները կհստակեցվեն. նախագիծ

Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն և օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի և վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախատեսվում է խաղային ոլորտում կարգավորել իրավահարաբերությունները՝ տարանջատելով և հստակեցնելով շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն: Կսահմանվեն խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, իրական շահառուների իրավունքներն ու պարտականությունները և այդ խմբերի հետ առնչություն ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առանցքային տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը և ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացում խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Համակարգին միացող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական չափորոշիչներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ: ՊԵԿ նախագահը հավելել է, որ ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկությունը, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողությունը, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, օրենքի շահառուների պաշտպանությունը: «Բացի միջազգային տերմինով հայտնի գեմբլինգից և ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր շահումով խաղերը, մանկական խաղային ապարատները և այլն համարվում են այլ շահումով խաղ»,- արձանագրել է Ռուստամ Բադասյանը:

Արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև գովազդումը ՀՀ տարածքում կամ ՀՀ հասանելի ամբողջ համացանցի տիրույթում: Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, դրա անհնարինության դեպքում նաև Կենտրոնական բանկը պարտավոր է հսկողություն սահմանել, որ առևտրային բանկերի կողմից արտասահմանյան խաղային ոլորտի կազմակերպիչներին պատկանող հաշվեհամարներին փոխանցումներն արգելափակվի: «Աշխարհում դեռևս հարյուր տոկոսով գործող մոդել չկա: Մենք ուսումնասիրում ենք փորձը՝ հնարավորինս լավագույն լուծումները ներդնելու համար»,- ասել է զեկուցողը:

Սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումներ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար: Առաջինից երկրորդ ընթերցում որոշ խմբերի, այդ թվում՝ պետական ծառայողների կամ զինծառայողների կողմից խաղերին մասնակցելու արգելքների և սահմանափակումների մասով ընդհանրական լուծումներ կառաջարկվեն:

Սահմանվել են խաղային գործունեության կարգավորման օպերատորի ու կազմակերպչի պարտականությունները, օպերատորի կողմից համապատասխանության հավաստման սերտիֆիկատի տրամադրման կանոնակարգումները: Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա այն բանաձևն է, որը պետք է ապահովի սպառողների խմբի համար կանխատեսելիություն որոշակի ժամանակահատվածի ընթացքում»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են սպառողների իրավունքների պաշտպանությանը, ոլորտը կարգավորող մարմնի ծախսերին, մանկական շահումով խաղերի վտանգավորությանը և դրանց արգելքի հնարավորությանը, IP հասցեների սահմանափակման մասով տեխնիկական պատրաստվածությանը, խաղային ոլորտի կազմակերպիչների շրջանառության վերահսկմանը և այլ հարցերի:

Խաղամոլության աճող ծավալները մտահոգիչ համարելով՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այդ նպատակով էլ օրենքում հստակեցվում են հասկացությունները, և զգալի ավելանում են այդ գործունեության համար նախատեսված պետական տուրքերը:

«Ուղղակի որևէ մեկը չի կարող խաղային ապարատ դնել և շահույթ ակնկալել»,- փաստել է նա: Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ օնլայն հարթակում ցանկացած օգտահաշվով խաղադրույք հաշվառվելու է, և հնարավոր է լինելու հստակ իմանալ՝ որքան լիցքավորվեց տվյալ օգտահաշիվը, և լիցքավորումից հետո որքան խաղադրույք կատարվեց՝ աճողական:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարևորելով կարգավորումները, կարծիք է հայտնել, որ դրանք քաղաքացիներին պաշտպանելուց բացի ոլորտի ընկերությունների համար եւս դրական ազդակ են: «Ժամանակին վերջիններս շատ էին բողոքում, որ իրենք և դրսում գրանցված ընկերություններն անհավասար մրցակցային իրավիճակում են»,- ասել է պատգամավորը և հավելել՝ եթե կարողանանք այս տեխնիկական հնարավորություններն օգտագործելով օրենքի առջև դրված նպատակներին հասնել, էական առաջընթաց կլինի:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով. «Իհարկե՛, կան գործունեություն ծավալող որոշակի բիզնեսներ, որոնք հարկեր են վճարում, աշխատատեղեր են ստեղծում, բայց ես հավատացած եմ, որ այն հանրային վնասը, որը տալիս է խաղամոլությունը, բազմապատիկ, միգուցե տասնապատիկ անգամ ավելի մեծ է, քան այն օգուտը, որը մեծ հաշվով հանրությունը ստանում է դրանից»: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը պետք է զգուշորեն շարունակի խստացումները և քաղաքականությունն այդ ուղղությամբ:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահը, անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, փաստել է. «Փիլիսոփայությունը, այո՛, այնպիսին պետք  է լինի, որ պատասխանատու խաղի կանոններ սահմանենք, իրագործենք պրակտիկայում, սահմանափակումները լինեն խելացի ու թիրախային, լինեն նաև շրջանցման դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այլապես, եթե ինչ-որ բան ուղղակի տոտալ արգելափակենք, օրինական դաշտից այդ ամենը տեղափոխվելու է անօրինական դաշտ, և չենք լուծելու մեր առջև դրված խնդիրը, ունենալու ենք ֆիսկալ հետևանքներ»: Կարևորվել է իմպլեմենտացման գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Առաջինից երկրորդ ընթերցում բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ խաղային գործունեության կազմակերպիչների հետ հարցերը քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: