շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաղային ոլորտի թվայնացման ՊԵԿ հայեցակարգը հավանության է արժանացել

Խաղային ոլորտի թվայնացման ՊԵԿ հայեցակարգը հավանության է արժանացել

Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է խաղային ոլորտում նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հսկողության իրականացման հիմնական ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահը խոսել է խաղային ոլորտի համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնության մասին: Բարեփոխումների իրականացմամբ գործուն մեխանիզմներ կստեղծվեն խաղային ոլորտի արդյունավետ վերահսկողության համար։ 

Կարևորվել է, որ ՊԵԿ գործընկերների կողմից իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջարկված մոդելը ոլորտի զարգացման ճիշտ ճանապարհն է։ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է լոկալ խաղատներում (Land Based Casinos) և ինտերակտիվ (Online) խաղային հարթակներում շահագործվող խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների արդի տեխնիկական վիճակը և դրանց՝ միջազգային չափանիշներին համապատասխան սերտիֆիկացման տեխնիկական լուծումներն ու ակնկալվող արդյունքները։ Պարզաբանվել են այդ չափորոշիչների հիման վրա սերտիֆիկացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Պատասխանատու խաղ» (Responsible Gaming) և «Արդար խաղ» (Fair Game Play) հայեցակարգերի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում բոլոր մասնակիցների համար խաղային անվտանգ գործընթաց կապահովվի՝ խաղացողներին առավելագույնս զերծ պահելով խաղամոլությամբ տարվելու վտանգից:

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունը ողջունել են նաև Թվայնացման խորհրդի այլ անդամներ։ Նիստում հավանություն է տրվել խաղային ոլորտի թվայնացման ՀՀ ՊԵԿ հայեցակարգին: Այն կնպաստի ոլորտի թափանցիկութան և ցածր ռիսկայնության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության կողմից խաղային ոլորտի ընկալման փոխակերպմանը:

  • Կիսվել: