հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգտակար լինել նաև արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախագիծը շատ ավելի մեծ գործընթաց և նախագիծ է, քան տարածաշրջանայինը, և միջազգայնորեն էական ազդեցություն կարող է ունենալ:

«Այս նախագիծն առնչվում է դեպի ծով ելք չունեցող երկու երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին: Այսօր էլ մենք, ըստ էության, դեպի ծով ելքի հնարավորություն ունենք բարեկամական, եղբայրական Վրաստանի և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, բայց մենք կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները՝ դեպի ծով ելքի, և նաև ընդհանուր առմամբ բեռնափոխադրումները, մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծվի, ինչպես նաև նշված ուղղություններով շատ էական հնարավորություններ կարող են բացվել նաև խողովակաշարերի համար, մալուխների համար, էլեկտրահաղորդման գծերի համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այս ամենը հնարավոր կլինի, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն, ապա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ի՞նչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա:

Նա հիշեցրեց, որ հիմնական սկզբունքները 3-ն են, արձանագրվել են Բրյուսելում՝ եռակողմ հանդիպման արդյունքներով:

Դրանցից մեկը վերաբերում է տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնություններին, որոնք պետք է տեղի ունենան երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:

Հաջորդ սկզբունքը երկրների միջև դելիմիտացիայի գործընթացն է, որը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որով արձանագրվում է երկու իրողություն. այն, որ ԽՍՀՄ գոյություն չունի, և այն, որ 12 հանրապետություններն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով, իսկ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների:

  • Կիսվել: